ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է պատգամավորները զենք կրեն: Ըստ պատգամավորի` ինքը շատ լավ հիշում է, թե 90-ականներին ինչ տեղի ունեցավ, երբ սկսեցինք համատարած զենքեր բաժանել:
-Տեղեկություններ կան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներսում քննարկում է եղել առաջիկայում խորհրդարանի ներկայացուցիչներին զենք տրամադրելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, զենք անհրաժե՞շտ է պատգամավորին:
-Անկեղծ ասած, մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը, ինչքան հիշում եմ, պատգամավորները զենքի կրման թույլտվություն ունեին: Որոշ պատգամավորներ կոնկրետ ունեին զենք եւ կրում էին: Հետո՝ հոկտեմբերի 27-ից հետո, բոլոր զենքերը հավաքեցին: Նման տեղեկություն ես էլ եմ ստացել, որ պատգամավորներին մտադիր են զենք հատկացել: Ինձ թվում է՝ պատգամավորն այդ խնդիրը չունի զենք կրելու:
-Դուք վտանգ տեսնո՞ւմ եք: Օրինակ՝ փողոցում քայլելիս, որպես պատգամավոր, անհրաժեշտ կլինի՞ զենք կրել:
-Ես ամեն օր քայլում եմ միայնակ, առանց զենք քայլում եմ: Ունեմ անվանական զենք, սակայն վերջին անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ կրել զենք: Առանց այն էլ արդեն հանրապետություն ապօրինի լիքը զենքեր կան պատերազմից հետո: Իմաստ չունի զինել Ազգային Ժողովը: Զենքը տալիս են այն մարդուն, որը կատարում է ծառայողական պարտականություններ, օպերատիվ ծառայություններ իրականացնողներին հիմնականում: Ինչքան գիտեմ, հիմա նույնիսկ տեղամասային տեսուչները զենք չեն կրում, միայն օպերատիվ ծառայության աշխաակիցները, քանի որ նրանք գործ ունեն հանցագործ տարրերի հետ:
-Նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշ աշխատակիցներ պետք է զենք կրեն. դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
-Մեր հանձնաժողովում քննարկվել է այդ հարցը, եւ դրական եզրակացություն է տրվել: Բայց ես ասեմ, որ զենք կարելի է տրամադրել, օրինակ, սահմանի ՊԵԿ-ի հարկային կամ մաքսային օպերլիազորներին: Մշտական կրելու համար, գտնում եմ, որ պետք չէ: Սահմանի վրա կարելի է, բայց Երեւան քաղաքում կամ մարզերում մի տեղ գնում է ստուգման, ինչի՞ համար զենք կրի: Քաղաքացին, որ տեսնի՝ աշխատակիցը զենք ունի, կսկսի ավելի օրինական լինե՞լ: Ավելի շատ պետք է քննարկվեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին տրամադրեն, օրինակ՝ գյուղապետարանում պահակակետ նշանակվի, եթե անհրաժեշտություն լինի, ամեն մեկը ոչ թե անվանական, այլ ըստ ցուցակի ստորագրեն, ստանան եւ հարկ եղած դեպքում սահմանին կամ ինչ-որ վտանգի դեպքում ունենան զենք:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնում այս քայլին, ի՞նչ վտանգ է տեսնում:
-Ես չեմ կարող ասել, թե ինչ են իրենք մտածում, ընդամենը բամբասանքի տեսքով է դեռ: Երբ կբերեն խորհրդարան կամ հանձնաժողովի նիստներին քննարկման, այդ ժամանակ մենք մեր հարց ու պատասխանը կտանք: Ես չգիտեմ, թե ինչի համար են ուզում զենք կրել: Առանց այն էլ հանրապետությունում զենք կա, էդքան զենքի դիմաց ի՞նչ ենք անում: Կամ էլ ինչի՞ց պետք է վախենան. հիմնականում երիտասարդ տղաներ են: Անհատական կարող է մի քանիսը վախի զգացողություն ունենան, բայց ընդհանուր չեմ կարծում, որ պետք է բոլորին զինել: Զենքը վերջապես մի օր կկրակի: Մենք տեսել ենք՝ ինչ ժամանակներ են եղել:
-Մտահոգությունն առաջացել է այն ժամանակ, երբ պատերազմի ավարտից հետո քաղաքացիները ջարդուփշուր արեցին կառավարության դռներն ու պատուհանները եւ ներխուժեցին ներս: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ կրկնվեն նման դեպքերը:
-Նախ պետք է այնպես անեին, որ այդ քաղաքացիները չհասնեին խորհրդարան, անվտանգությունը պետք է իր աշխատանքը կատարեր: Պատկերացնո՞ւմ եք, որ զենք ունենային, ինչ կլիներ: Ամեն անգամ չեն գալիս խորհրդարանի շենք կամ կառավարություն: Դրանք հատուկ պահպանվող օբյեկտներ են, եւ համապատասխան ծառայություններ կան: Թող նրանք իրենց աշխատանքը կատարեն, ոչ թե պատգամավորը զենքը վերցնի ու սկսի ապօրինություններ անել, քաղաքացու կամ մյուսին գնդակահարել: Գտնում եմ՝ ճիշտ չէ: Մենք ժողովրդի կողմից ընտրված մարդիկ ենք, ինչի՞ համար պետք է ժողովրդից վախենանք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություն կատարել եւ նվազեցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող գումարների չափը:
Հիշեցնենք, որ տարեվերջին արդեն իսկ նախագիծ էր ընդունվել, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 1500-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից։ Եվ, ահա, պատգամավորներն առաջարկում են հետեւյալ փոփոխությունները կատարել.
l 100-ից 150 հազար դրամ ստացող քաղաքացիները գործող տարբերակով ամսական վճարելու են 3 հազար դրամ, պատգամավորներն առաջարկում են սահմանել 2 հազար դրամ,
l 200-ից 300 հազար դրամ ստացողները գործող տարբերակով 5500 դրամ պետք է վճարեն, առաջարկում են դարձնել 3 հազար դրամ:
l 300 հազար դրամից ավելի՝ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում առաջարկվում է 5500 դրամի փոխարեն 5 հազար դրամ, իսկ 500 հազարից ավելի՝ մինչեւ 750 հազար դրամ աշխատավարձի դեպքում 8500-ի փոխարեն 7500 դրամ գանձել,
l 750 հազարից ավելի՝ մինչեւ 1 ու կես միլիոն դրամ ստացողներն էլ, ըստ նախագծի, 15 հազար դրամ կվճարեն հիմնադրամին,
l 1 ու կես միլիոնից բարձր ստացողները՝ 20 հազար դրամ։
Նշենք, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցում է տրամադրել 741 զոհված զինծառայողի ընտանիքի։
Հիմնադրամը ժամանակավորապես փոխհատուցում կտրամադրի նաեւ անհետ կորած 32 զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական 300 հազար դրամի չափով: Նույնքան գումար կստանան նաեւ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները մինչ նրանց հաշմանդամության կարգի որոշումը:
Հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին եւ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչեւ 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։
Ն.Հ.
ԾԱՎԱԼՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստանում պակասել են օղու, գինու, կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալները։ Միաժամանակ նվազել են նաեւ իրացման ծավալները։ Պատճառը կորոնավիրուսն է, դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը եւ 44 օր տեւած պատերազմը: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները չեն աշխատել, իսկ ինչպես հայտնի է, դրանք օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառման վայրերն են:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ, օրինակ, նախորդ տարվա 11 ամիսներին 23.1 տոկոսով օղու արտադրության ծավալներն են նվազել, արտադրվել է 3 մլն 752 հազար 100 լիտր օղի՝ 2019 նույն ժամանակահատվածի 4 մլն 880 հազար 500 լիտրի դիմաց: Իսկ կոնյակ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 13.8 տոկոսով քիչ է արտադրվել: Իսկ, ահա, գինու արտադրության ծավալները պակասել են 16.7 տոկոսով. եթե 2019-ի հունվար-նոյեմբերին մեր հանրապետությունում արտադրվել է 11 մլն 138 հազար 700 լիտր գինի, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 մլն 281 հազար 800 լիտր գինի: Նույն պատկերն է նաեւ գարեջրի արտադրության ոլորտում. այստեղ անկումը կազմել է 11.6 տոկոս:
Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» եւ 7 «դեմ» ձայներով: Այս նախագծով 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, եւ այսուհետ Երեւանի քաղաքապետարանն այլեւս չի կարողանա տուգանել քաղաքացիներին երկու լուսանկարի միջոցով: «Այսօր շատ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենք երկու լուսանկարներ են ստանում, որոնց վրա ուղղակի ժամեր են նշված, եւ շատերը հակադարձում են, թե նշված ժամերի չափ չեն կայանել։ Քաղաքապետարանը նույնպես կողմնակից է այս որոշմանը։ Մենք նաեւ ունենք Վճռաբեկ դատարանի որոշում։ Այսպիսով, «կարմիր գծեր» կլինեն միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։ Եվ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի քաղաքացու կողմից 15 րոպե կայանելը փաստող 15 րոպե տեւողությամբ տեսանյութ։ Մյուս բոլոր դեպքերում այլեւս քաղաքացիները չեն տուգանվի»,- նշել է նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
Նկատենք՝ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում արդեն իսկ կա համակարգ. սյուների վրա առկա տեսախցիկներն արդիականացվել են, եւ դրանց մեջ դրվել է համապատասխան էլեկտրոնային համակարգ, եւ ավտոմատ կֆիքսվի կայանումը։