Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղում ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
Եվրախորհրդարանի պատգամավորը նկատում է՝ քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում մնում է անմխիթար, եւ հակամարտությունները շարունակվում են, քաղաքացիները չեն կարող վերադառնալ նորմալ վիճակի եւ շարունակել իրենց կյանքը սահուն եւ խաղաղ: «Լեռնային Ղարաբաղում ապագայի հանդեպ մեր անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը, որը ստեղծվում է ամբողջ Հարավային Կովկասում, կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Մենք նկատի ունենք, որ քաղաքացիական բնակչությունը ստիպված է գոյատեւել ահաբեկչության եւ անորոշության պայմաններում: Մենք խորապես մտահոգված ենք այն հայերով, ովքեր մնում են այս տարածքում եւ ենթարկվում են բռնության եւ զանգվածային հետապնդումների: Հուսով եմ, որ այս ամենը հնարավորինս շուտ կավարտվի», – նշում է նա:
Պատգամավորի համար այժմ առաջնային է հրադադարի պահպանումն ու պատշաճ վերահսկումը: «Խաղաղ եւ արդյունավետ լուծում գտնելն իդեալական սցենար է այն սկզբունքների եւ արժեքների համար, որոնք պաշտպանում է ԵՄ-ն: Մենք կողմ չենք բռնությանը եւ զենքի սպառնալիքի տակ դրա կիրառմանը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրեն ապահով զգա եւ երկխոսություն վարի բոլոր ներգրավվածների հետ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Ես ուզում եմ պարզ լինել: Դրան հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Առաջին հնարավորության դեպքում նախատեսում եմ այցելել տարածք, քանի որ համաճարակային պայմաններն այս պահին դա թույլ չեն տալիս: Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ» – հավելում է Ֆուրլասը:
Միեւնույն ժամանակ Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի ղեկավարը առաջնային հարց է համարում հայ ռազմագերիների վերադարձը եւ ընդգծում է, որ այդ հարցն ինքն արդեն բարձրաձայնել է. «Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ ռազմագերիներին տեղակայելու, նրանց իրավունքները երաշխավորելու եւ նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնություննեը կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա, որը կոչված է պատասխանելու դրանց: Հանձնաժողովին ուղղված հարցերը ճնշման լծակ են, եւ մենք այն պետք է օգտագործենք: Տեսե՛ք, մենք բոլորս պետք է յուրաքանչյուրն իր չափով ձեռնարկենք քայլեր շարունակական դեէսկալացիայի, ռազմական գործողությունների վերջնական դադարեցման եւ հրադադարի ռեժիմի շարունակման համար: Մենք պետք է անընդհատ կրկնենք բանակցությունները, որի նպատակը, ինչպես նախկինում ասացի, հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական լուծումն է: ԵՄ-ն շահագրգռված է ակտիվացնելու հումանիտար հիմնախնդրի արդյունավետ եւ համապարփակ լուծմանն ուղղված համատեղ ջանքերը: Այնուամենայնիվ, ես չեմ կարող չնկատել, որ քանի դեռ հակամարտությունները շարունակվում են, նման հարցերի լուծումներ գտնելն ավելի է բարդանում», – հավելում է նա:
Իսկ, ահա, անդրադառնալով Թուրքիայի դերին՝ նա նկատում է. «Գաղտնիք չէ, որ երկու կողմերի մոտ էլ կա վստահության պակաս: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դրա նպատակը պարզ է: Որպեսզի Էրդողանը սպասարկի իր սեփական շահերը եւ մնա իշխանության մեջ, նա չի հապաղում խաղալ հազարավոր մարդկանց կյանքի հետ: Երկու երկրների՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հարաբերությունները շատ սերտ են, քանի որ նրանք բռնապետներ են, որոնք ճնշում են իրենց իսկ ժողովուրդներին: Դա փոխկախվածության կեղտոտ հարաբերություն է իշխանությունը պահպանելու համար: Սա այլեւս չի հանդուրժվում»:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավարի օգնական Իա Մալկինան: «Փետրվարի 5-ին պլանավորվում է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջակա ռեժիմով Ալմաթիում»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահում է Բելառուսը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում. հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը: Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը: Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ-Արմենիա»-ն: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ
Արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգելեն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանություններին անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին այն ԱԱԾ տնօրենները, որոնք ազատվել են աշխատանքից, սկսել են ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:
ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին: «Ես կարծում եմ, որ դա նպատակային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որը օգտվում է մարդու բոլոր իրավունքներից, իսկ մարդուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը անթույլատրելի եմ համարում»: Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի եւ Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել:
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀՐԱՎԻՐԵ՞Ն
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ նկատում են, թե Հայաստանն այդ գագաթնաժողովին հրավիրված չէ: Նկատենք, որ «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովը նախագահում է Իտալիան, եւ հենց ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարեւոր պետություններին, ընդ որում՝ նա այդ որոշումը կայացնում է միանձնյա՝ առանց քննարկելու այլ երկրների հետ: ArmLur.am-ն ուսումնասիրեց եւ նկատեց, որ այդպիսի տեղեկությունները հրապարակված են միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, եւ միջազգային այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ իտալական, չեն հաղորդել Ադրբեջանի հրավիրված կամ Հայաստանի՝ չհրավիրված լինելու մասին տեղեկություններ:
Մենք տեղեկացանք նաեւ, որ միանշանակ չէ, որ Հայաստանը չի հրավիրվել գագաթնաժողովին, քանի որ այժմ լայնածավալ պրոցեսներ են ընթանում: Ավելին, Հայաստանը պետք է քայլ անի, որ ինքն էլ ներգրավված լինի այդ գործընթացներում, որպեսզի տարածաշրջանի զարգացման համատեքստում բոլորը հավասարապես դիտարկվեն: