Ո՞վ է քննելու Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի դեմ հարուցված քրեական գործը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին եւ ընդունվել վարույթ:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավարտել է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու եւ եղբոր կողմից ընդհանուր 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում: Կոմիտեն նշում է, որ Սեդրակյանը վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները եւ զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ, նախ, համայնքի, ապա՝ որդու եւ եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար 2004թ. մայիսի 27-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ:
Վերոգրյալի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երեւանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երեւան քաղաքի Վարդավառի զբոսայգու եւ Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը: Այնուհետեւ, ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա, կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն եւ եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ ավագանու 5 անդամի՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԷՊԻԼԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Դավիթ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցության սրահի տնօրեն Գոհար Հակոբյանի ամուսինը, 2020 թվականի մայիս ամսվա սկզբին՝ չպարզված օրը, նույն սրահի «էլոս-էպիլացիա» ծառայությունների մատուցման համար առանձնացված սենյակում տեղադրել է գաղտնի տեսաձայնագրառող սարք եւ, առանց նշված սենյակի աշխատակից Էվելինա Հակոբյանի եւ հաճախորդների համաձայնության ու իմացության եւ օրենքով չնախատեսված կարգով, տեսաձայնագրառող սարքում տեղադրված հիշողության կրիչում 2020 թվականի մայիսի 10-ից մինչեւ նույն թվականի մայիսի 20-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի հավաքել է տեսաձայնագրված Էվելինա Հակոբյանի, Հռիփսիմե Ռուբիկի Հակոբյանի եւ մազահեռացման ծառայություններից օգտվող հաճախորդների կիասամերկ տեսանյութերը՝ խախտելով նշված անձանց անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները:
ԴԻՆ ԳՏՆՎԵԼ Է
Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին։ Այս մասին տեղեկացրել է Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։ Նա նշել է, որ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը կայացել է կիրակի օրը։ Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանի անունը կար զոհվածների ցուցակում, սակայն նրա դին չէր հայտնաբերվել։ Հայրը՝ Գուրգեն Վարդանյանը, փնտրում էր որդուն։ Համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետեւ նա մեքենայով կոտրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները եւ մեքենայով մխրճվել շինության մեջ։ Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Առաջադրված մեղադրանքում Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցուցմունք չի տվել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՔՆՆԻ
Ո՞վ է քննելու ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Երիտասարդ դատավորը հասցրել է աչքի ընկնել աղմկահարույց գործեր քննելով, սակայն ուշագրավ է այն, որ անցած տարի վերջինիս մասով առեղծվածային դեպք գրանցվեց: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց էին արձակել։ Այս դեպքը այդպես էլ չբացահայտվեց, եւ մնաց առեղծված, թե ով կամ ինչ փորձեց հասկացնել դատավորին:
Եվ, ահա, այս դատավորն էլ քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ Ալրաղացի Լյովիկի գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ն նախաքննության ավարտ հայտարարեց Լեւոն Սարգսյանի գործով: ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2004 թվականի մայիսի սկզբին մի խումբ անձանց հետ ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Լոս-Անջելես քաղաքում 2004 թվականի մայիսի 12-ին եւ 25-ին, ինչպես նաեւ հունիսի 9-ին եւ 13-ին համապատասխանաբար «Ավիանի», «Միկա» եւ «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150.000 ԱՄՆ դոլարի արժեքներ, եւ վերջին դեպքով հանցակիցների՝ փախուստի պահին ոստիկանների կողմից բռնվելուց հետո թաքնվել է իրավապահ մարմիններից ու լքելով ԱՄՆ տարածքը՝ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։
Հանցավոր արարքներ կատարելու համար Լ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաեւ Ս.Ղ.-ին:
Դեկտեմբերի 28-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու նպատակով։
Ա.Թ.