ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը մտադիր է վերանայել հարկային արտոնության դաշտը, շրջանառության հարկման շեմը, դրույքաչափերը հարկային քաղաքականության ճեղքը նվազեցնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Ճեղքի մեծությունը պետք է բաժանել երկու մասի: Մի մասը բաղկացած է հարկային արտոնություններից, մյուս մասը՝ հարկային պլանավորման հնարավորություններից: Երկրորդ մասը մենք պլանավորում ենք հաղթահարել հնարավոր կարճ ժամկետում: Այսինքն՝ եթե քննարկումների համատեքստում մենք համոզմունք ձեւավորենք, որ ընտրված է ամենաճիշտ ճանապարհը, թերեւս նախատեսվող փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2022 թվականի հունվարի 1-ից: Իսկ ինչ վերաբերում է որոշ անարդյունավետ արտոնությունների վերացմանը, սա մեր երկրորդ ուղղությունը պետք է լինի»,- ասել է նա ու հավելել, որ, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է այս գործընթացը նորից սկսել 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Փոխնախարարի խոսքով՝ հաճախ հարկային արտոնությունների տրամադրումից հետո վերլուծական աշխատանքներ չեն կատարվել՝ պարզելու, թե որքանով են այդ հարկային արտոնությունները հասցեական եւ, ըստ այդմ, արդյունավետ, իրենց նպատակին ծառայող: «Այս իմաստով ամենաքիչը ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի մասին է խոսքը, ինչը մեր համեստ հնարավորությունների պայմաններում բավականին տպավորիչ թիվ է»,-ասել է փոխնախարարը: Վերջինս շեշտել է, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այդպիսին. բոլոր այն հարկային արտոնությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հիմնավորումներով կամ երբեմն ոչ այնքան պատշաճ հիմնավորումներով տրվել են, գնահատեն եւ վերաիմաստավորեն դրանց նշանակությունը: «Արդյոք դրանք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, թե՞ իրենց հիմնական խնդիրը չլուծելով հանդերձ՝ պետությունից ռեսուրս են տանում»,-հավելել է Պողոսյանը:

Նա պարզաբանել է, որ եթե արտոնությունը տրվել է շահառուների որոշակի խմբի համար, ըստ այդմ նախատեսվել է, որ այն կլինի թիրախային, արդյունավետ, եւ եթե ինչ-ինչ պատճառներով այդ արտոնությունից սկսել են օգտվել նաեւ այն խմբերը, որոնց համար դա ի սկզբանե նախատեսված չի եղել, եւ այդ խմբերն ամենակարիքավորը չեն այդ արտոնությունից օգտվելու համար, այստեղ քաղաքականությունը կամ այդ արտոնության տրամադրման իմաստը խեղաթյուրվում է: «Խոսքն առաջին հերթին այս տեսակի արտոնությունների մասին է: Երկրորդը՝ հարկային համակարգի ձեւախեղումների հանգեցրած կարգավորումների մասին է: Մասնավորապես, ունենք հարկման տարբեր համակարգեր՝ միկրոձեռնարկատիրության արտոնյալ հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, ավելացված արժեքի հարկի համակարգ: Եվ եթե գործունեության միեւնույն տեսակը ԱԱՀ-ի համակարգում իրականացնելու պայմաններում վճարվում է պայմանական 25 տոկոս իրացման շրջանառության նկատմամբ հարկերի համախումբ, բայց նույն գործունեության տեսակը շրջանառության հարկի համակարգում իրականացնելու պարագայում վճարվում է, օրինակ, 5 տոկոս հարկ, սա բերում է աղավաղումների, շարժառիթների, որ խոշոր տնտեսավարողները բաժանվեն մասերի, տեղավորվեն իրենց համար չնախատեսված արտոնյալ հարկային միջավայրում: Խնդիրները փոխկապակցված են»,-ասել է Պողոսյանը:

Դեռ վերջնական որոշումներ չկան, որոշակի հարցեր առանձնացվել են քննարկումների, վերլուծությունների համար: «Ուղղություններից մեկը շրջանառության հարկի շեմի նվազում է ենթադրում, մյուսը՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում այն տրամաբանությամբ, որ դրանք առնվազն հավասար լինեն նույն գործունեությունը հարկման ընդհանուր համակարգում իրականացնելիս վճարվելիք հարկերի հանրագումարին»,-ասել է նա:

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը հիմնականում կպահպանվի նույն տեսքով: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգն ի սկզբանե նախագծվել է այն տրամաբանությամբ, որ այն պետք է սպասարկի բնակչությանը եւ ոչ բիզնեսին: Սակայն Պողոսյանն ասաց. «Մոնիտորինգի արդյունքներով՝ միտումներ են նկատվել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շատ հաճախ ավելի խոշոր հարկ վճարողների հետ փոխկապակցված հարկ վճարողներ են լինում եւ նրանց հետ գործարքների մեջ են մտնում՝ հաճախ ոչ իրականում կատարված: Սրանք շատ վատ ու անհանգստացնող երեւույթներ են»,-ասել է նա: 2020 թվականը սկսվել է 34 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թվաքանակով եւ ավարտվել շուրջ 46 հազարով: Դրանք ակտիվ հարկ վճարողների կեսից ավելին են:

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ Է ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ

Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված եւ գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Արցախում աշխատատեղերի պահպանման եւ նորերի ստեղծման աջակցության եւ աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն: Մասնավորապես, 2021թ. հունվարից սկսած՝ 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաեւ Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից:

 

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը: «Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն»,- նշել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում էր առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչեւ թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարվա գործածություն ունեցողներից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղեւորափոխադրումներում ներգրավված մինչեւ 10 տարվա գործածություն ունեցող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ», 24 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով:

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՏ Է

2018 թվականից ընթանում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցապատումը։ Դրա մի հատվածը ձգվում է Տավուշի մարզի տարածքով, որը կազմում է խոշորացված Այրում համայնքի տարածքը։ Այրումի համայնքապետարանից  տեղեկացա, որ  միջպետական ավտոճանապարհի շինարարությունն իրականացնում է «Սուարդի» ընկերությունը։ Այդ ընկերությունը միջպետական ավտոճանապարհի  կառուցապատումը, ասֆալտապատումը հասցրել  է մինչեւ  Պտղավան գյուղի տարածք։ Արդեն ասֆալտապատված ավտոճանապարհի մի հատվածի ճանապահաեզրերի կառուցապատումն իրականացված չէ։

Պտղավան գյուղի տարածքից  մինչեւ հայ-վրացական սահման՝  Բագրատաշենի մաքսակետ, մոտ 1,5 կիլոմետր ճանապարհի վերին շերտը քերված է, սակայն ասֆալտապատում կատարված չէ: Ընդ որում, ճանապարհի վերին շերտը քերվել է դեռեւս 2019 թվականի աշնանը։ Եթե դրանից  հետո ասֆալտապատում չէր կատարվելու, ինչո՞ւ հապշտապ ձեւով քերվեց բավական բարեկարգ ավտոճանապարհի ասֆալտի շերտը։ Ճանապարհի վերին շերտի քերելու հետեւանքով խնդիրներ են ստեղծվել երթեւեկող ավտոմեքենաների համար, ավտոմեքենաները ճանապարհին ցնցվում են, դրանց  անվադողերը շուտ են շարքից դուրս գալիս։ «Սուարդի» ընկերությունը  ճանապահաշինության ծրագրի ժամկետների խախտումը պայմանավորում է Արցախում տեղի ունեցած պատերազմով եւ կորոնավիրուսի համավարակով։  Այդ նույն ընկերությունն է իրականացնում  Պտղավան գյուղի տարածքում գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի շինարարությունը, որն իրականացվում է  պետական բյուջեի եւ ՄԱԿ-ի  Զարգացման  ծրագրի համաֆինանսավորմամբ։ Այդ կենտրոնում լինելու են գյուղատնտեսական տեխնիկայի «գարաժներ», թունաքիմիկատների վաճառքի կենտրոն եւ այլն։

Այդ շենքի շինարարությունն  ավարտին է մոտենում, այն գործարկված չէ, այդտեղ եւս խախտված է  ծրագրի իրականացման ժամկետը։ Տավուշի մարզի համայնքներում ճանապարհաշինական ընկերությունները  ասֆալտապատումից առաջ  քերված ասֆալտի ծածկը՝ ֆրեզը, անվճար տրամադրում էին համայնքին տվյալ համայնքի ոչ կենտրոնական փողոցները բարեկարգելու համար։ «Սուարդի» ընկերությունը ֆրեզը չտրամադրեց խոշորացված Այրում համայնքի ոչ կենտրոնական փողոցների բարեկարգման համար, այլ այն ծախսեց կառուցապատվող միջպետական ավտոճանապարհի եզրերի կառուցապատման համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս