ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ միջանկյալ եւ կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ եւս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային Ժողովի նիստում քվեարկությամբ ստացել են 81 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:
Հարկային օրենսգրքով կառավարությանը տրված է հնարավորություն ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգելու ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկը ծրագրի հավանության արժանանալու դեպքում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այս առումով խնդիր են ունենում, փաստացի ներդրումային ծրագիր իրականացնելիս գործարարի մոտ որոշակի անորոշություն է առաջանում. կառավարությունն արդյոք կհաստատի՞ ծրագիրը, թե ոչ: Այսպիսով, կառավարությունը որոշել է հստակություն մտցնել: «Մենք նպատակահարմար ենք գտնում, որ այսուհետ ներդրումային ծրագրերի համար լինի շատ ավելի շատ հստակություն, եւ նախագծում ներառված միջանկյալ ու կապիտալ սպառման ապրանքների ներմուծման ժամանակ չգանձել ԱԱՀ: Սրա արդյունքում կրճատում ենք վարչարարությունը եւ մտցնում ենք շատ ավելի շատ հստակություն ներդրումային ծրագիր իրականացնելու ժամանակ»,-ասել էր Ավանեսյանը:
Այսպիսով, կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը եւս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:
Ազգային ժողովը վավերացրել է ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծող համաձայնագիրը: Այն վավերացվել է միաձայն՝ 82 «կողմ» ձայներով: Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու եւ իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու՝ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագիրը նպատակ ունի ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ եւ ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր:
Միեւնույն ժամանակ համաձայնագրի դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը եւ կարգավորում է ծխախոտի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:
ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը եւ հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հատկապես վարորդներին. ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը եւ առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։ ՀՀ-ի տարածքում հունվարի 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։