Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը». բացահայտում՝ պատգամավորի հարցին ի պատասխան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դուք աշխատել եք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում: Քանիցս հնչել են որակումներ, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ։ Կուզենայի՝ հստակ ասեիք՝ գործելու եք հանո՞ւն ՀՀ-ի, թե՞ ընդդեմ»:

ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իհարկե, ես գործելու եմ բացառապես հանուն Հայաստանի։ Բայց ասածս չի նշանակում, թե ես որպես իրողություն եմ ընդունում այն, որ հիմնադրամն այլ գործունեություն է իրականացրել։ Դուք էլ ասացիք, որ խոսակցություններ են դրանք։

Բնականաբար, դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում, խոսակցությունները չեն ազդում իմ նվիրվածության վրա։ Քանի դեռ խոսակցությունները փաստեր չեն, չէի ուզենա արձագանքել»,-պատասխանեց Դավիթ Խաչատուրյանը, ապա մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ:

«Եթե դա համարվում է բացասական բան, օրինակ, ասեմ՝ իմ գործընկեր Հրայր Ղուկասյանը, որը չորս տարի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, նաեւ՝ նախագահ, նշանակվել էր Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական, ու որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ», – նշեց նա:

Իսկ ո՞վ է Հրայր Ղուկասյանը. նա, բացի Սերժ Սարգսյանի օգնականը լինելուց, եղել է նրա ռեֆերենտը։ Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչեւ 2012 թվականը, այսինքն՝ մինչեւ թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը»։ Ու հիմա առնվազն տարօրինակ է, որ նրա քաղաքական թիմի անդամները քննադատում են գործող իշխանությանը սորոսականներին պաշտոններ տալու համար։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս