Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Նա Երեւանում կլինի հունվարի 27-ին: Այցից առաջ Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել:
Այս այցը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն քայլերից որ արել է Իրանը՝ պատերազմի օրերին։ Իրանը պատերազմի օրերին զորքեր կուտակեց իր հյուսիսային սահմաններին, հայտարարելով, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, ինչպես նաեւ զգուշացնելով ջիհադիստներին։
Սակայն «Աշխարհքաղաքական սահմանի» փոփոխություն տեղի է ունեցել, դա հայկական բանակի վերահսկողության կորուստն է Հորադիզ-Սյունիք գծով, ներկայում Սյունիքով Իրանին կապող ճանապարհը նույնպես հայտնվել է ռուս-թուրքական վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է ջիհադիստներին, Մոսկվան արդեն հայտարարել է, որ դրանք վտանգ չեն ներկայացնում, այսինքն՝ համաձայնել է նրանց ներկայությանը Իրանի հետ սահմանամերձ տարածքներում։
Ռուս ռազմական փորձագետ Ստանիսլավ Տարասովը նրա այցի առնչությամբ նկատում է. Իրավիճակի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը, ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի, լիարժեք հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Անկարան առայժմ միայն տեսականորեն է խոսում Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, իսկ Բաքվում այդ մասին չեն էլ մտածում՝ չնայած ակտիվորեն առաջ են տանում Հայաստանի տարածքով Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի միջանցք ստեղծելու նախագիծը: Ի դեպ, Նախիջևանի թեման վերաբերում է նաև Իրանին, քանի որ մինչ այժմ Ադրբեջանից դեպի ինքնավար հանրապետություն տանող ճանապարհն անցնում էր Իրանի տարածքով: Նոր միջանցքը կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, իսկ Թուրքիան մուտքի իրավունք կստանա Ադրբեջան՝ առանց Իրանի կամ Վրաստանի տարածքը հատելու: Նման իրավիճակը, իհարկե, ձեռնտու է Անկարային և Բաքվին, որոնք այժմ հենց դրանով էլ զբաղվում են՝ փորձելով շրջանցել Իրանը: