ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Խոսքը վերաբերում է Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու կարգին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում:
Նշենք, որ գործող կարգավորումներով պատգամավորական էթիկայի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձեւավորվել միայն կոնկրետ հարցով մինչեւ երկու ամիս ժամկետով (մինչեւ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ) խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել: Սակայն անգամ հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում
Ուշագրավ է, որ այս փոփոխություններով, նրանք ԱԺ նախագահին լիազորում են՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:
ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը: