ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի բնակչության թիվը 19-րդ դարից ի վեր. Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Նա նման հայտարարություն արեց պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան:

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- նշել էր Փաշինյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր՝ պարզելու, թե արդյո՞ք վարչապետը ճիշտ է:

Այսպիսով, 19-րդ դարի կեսին Շուշին բնակչության քանակով գերազանցում էր Երևանին և Բաքվին: Շուշիի, ինչպես Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի բնակչության վերաբերյալ հավաստի տվյալներ կան 1886 թվականից սկսած: Ըստ դրանց` մինչև 1920 թվականը հայերի թիվը քաղաքում գերազանցել է ադրբեջանցիներինը, իսկ 1920 թվականից հետո՝ կտրուկ կրճատվել:

Համաձայն Ցարական Ռուսաստանի հարկահավաքության նպատակով հավաքված տվյալների՝ 1886-ին Շուշիում ապրում էր ընդհանուր առմամբ 26,806 մարդ, որից 15,188-ը, այսինքն՝ ավելի քան 56 տոկոսը, հայեր էին, իսկ 11,595-ը (43 տոկոս)՝ ադրբեջանցիներ (թաթարներ):

1897 թվականի ռուսական մարդահամարի տվյալներով՝ Շուշիում ապրում էր 25,881 մարդ, որից 14,420-ը՝ հայ, իսկ 10,778-ը՝ ադրբեջանցիներ (թաթարներ):

Ըստ Անդրկովկասի ռուսական վարչակազմի տարեգիրք «Կովկասյան օրացույցի» (Кавказский календарь)՝ 1916 թվականին Շուշիում բնակվում էր 43,869 մարդ, որից 23,396-ը՝ հայ (53 տոկոս), իսկ 19,121-ը՝ ադրբեջանցի (թաթարներ) (44 տոկոս)։

Ըստ 1926-ի խորհրդային առաջին մարդահամարի՝ Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5,104, որից 4,900-ը (96 տոկոս)՝ ադրբեջանցիներ (թյուրքեր), իսկ 93-ը (1.8 տոկոս)՝ հայեր:

1959 թվականին Շուշիում ապրում էր 6,117 մարդ, որից 1,428-ը (23 տոկոս) հայեր էին, 4,453-ը (72 տոկոս)՝ ադրբեջանցիներ

1979 թվականին Շուշիի բնակչության 85 տոկոսը ադրբեջանցիներ էին. 10,784 բնակչից 9.216-ը ադրբեջանցի էր, իսկ 1409-ը՝ հայ (13 տոկոս):

1988 թվականին՝ Արցախյան շարժման օրերին, ադրբեջանցիները հայերին ստիպում էին հեռանալ քաղաքից՝ սպառնալով այրել նրանց տները։

Փաստացի, քաղաքը հայաթափվել է 1920-ականներին՝ իրականացված ջարդերի հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս