ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանիսն են զրկվել վարորդական իրավունքից. բալային համակարգի մեկ տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։ Վարորդին տարեկան տրվում է 9 միավոր, որոնք, ըստ կատարած խախտումների, համապատասխանաբար նվազում են, իսկ մեկ տարվա ընթացքում միավորների զրոյանալու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է մեքենա վարելու իրավունքից։

Եվ ահա, այդ մեկ տարվա ընթացքում տուգանային միավորների կիրառմամբ դեռեւս որեւէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն 9 տուգանային միավորի շեմը հատելու հիմքով 2175 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով: Իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող 673 416 անձի նկատմամբ տուգանային միավոր պարունակող որոշում չի կայացվել:

Իսկ ինչ էր իրենից ներկայացնում բալային համակարգը և որ խախտման համար վարորդը որքան միավորից կարող է զրկվել. ներկայացնենք մի քանի օրինակ.

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր,

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ–ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:

Հավելենք, որ խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

Պարբերաբար խախտումը համարվում է՝ 1 տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս