Ընդդիմադիրների մտահոգությունը. ում ձեռքում գործիք կդառնա Հակակոռուպցիոն կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովը յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում է իշխանությունների մշակած բարեփոխումների ծրագրի շրջանակներում, սակայն պետբյուջեի վրա  արժենալու է 8 մլրդ դրամ:

Խորհրդարանում նախագծի քննարկումը բուռն ստացվեց եւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և նշանակման հարցը: Մասնավորապես, օրենքի նախագիծը սահմանում է, որ  հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ՝ Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակված մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցչից բաղկացած: Եվ մրցույթում հաղթող ճանաչվածների ցանկից վարչապետը նշանակելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

Եվ ահա, հենց այս կարգն է անհանգստություն առաջացրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտ: Նրանց կարծիքով, նման ընթացակարգով նշանակման դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակումից կարճ ժամանակ անց կարող է քաղաքականացվել ու դառնալ գործիք գործող իշխանության համար: Նրանք առաջարկում էին կատարել փոփոխություն եւ սահմանել, որ  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ընտրի ոչ թե վարչապետը, այլ ԱԺ-ն:

Այս առնչությամբ հետաքրքիր երկխոսություն ծավալվեց նաեւ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջև: Մասնավորապես, որպես վատ փորձի օրինակ, Անի Սամսոնյանը մատնանշեց Լեհաստանի փորձը, որտեղ ղեկավարին նշանակում էր վարչապետը եւ կարճ  ժամանակահատվածում  այն կուսակցականացվել էր, դարձել էր գործադիրի գործիքը: Սակայն Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել էր, թե Սահմանադրությունը սահմանափակել է Ազգային ժողովի լիազորությունները, և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին չի կարող Ազգային ժողովը նշանակել:

Ն.Հ.




Լրահոս