ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Մեր զրուցակիցը ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն: Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ՝ եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:

 

-Պարո՛ն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք քաղաքականությամբ զբաղվել եւ մտադրություն ունեք կուսակցություն հիմնելու:  Տեղեկությունը ճի՞շտ է, արդյոք սկսելո՞ւ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այդ տեղեկությունը չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է: Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի: Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու: Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի: Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը,  հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:

-Պարո՛ն Դեմոյան, կա՞ կուսակցության կոնկրետ անուն որոշված: Պաշտոնապես գրանցե՞լ եք,  եւ ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը:

-Այս պահին, որպեսզի ես ապահովեմ ժողովրդավարական սկզբունքը, ես չեմ ցանկացել նույնիսկ պարտադրել իմ ցանկացած անունը: Որպես քաղաքական կրեդո՝ ես կարծում եմ, որ պետք է ունենա ազգային ուղղվածություն, չենք տարվելու, այսպես ասած, մոդայով, որը քայքայիչ ազդեցություն է գործում հասարակության վրա, ընդվզման ալիքի տեղիք է տալիս: Մենք փորձելու ենք պահպանել ազգային արժեքները, այսինքն՝ կուսակցությունը դառնալու է մի գործիք, որով Հայաստանն իր մշակույթով, իր ներկայով եւ անցյալով ադապտացվելու է շատ արագ զարգացող աշխարհին: Այո, մեր առջեւ բարդ խնդիրներ են դրվելու, որովհետեւ մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, ու  կուսակցությունը պետք է փորձի հնարավորինս պահել այն կարեւոր միջուկը, որը եկել է դարերի խորքից, բայց այդ ավանդապաշտ լինելը կամ «ազգային արժեքներ» արտահայտությունը, որը հիմա խորթ է ներկայիս իշխանությունների համար, խնդիր է դրվելու պահպանել այն, ինչ որ մնայուն է, այն, ինչ որ  անհերքելի է, դրա հետ մեկտեղ կողմնորոշվենք եւ դառնանք համարշխարհային գործընթացների մասնակից:

-Պարո՛ն Դեմոյան, քանի որ իշխանություններն այժմ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արդյոք պատրաստվո՞ւմ եք Դուք նորաստեղծ կուսակցությունով մասնակից լինել ընտրություններին:

-Մենք մեր առջեւ սպորտային նպատակներ չենք դրել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն է հենց այդ կուսակցությունը կառուցելը: Եթե մենք փորձենք  ժամկետներ սահմանել մեզ համար, որ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա մենք խիստ սահմանափակում ենք մեր՝ հիմնարար կառույց ստեղծելու սկզբունքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉԻ՞Ց Է ՎԱԽԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2020 թվականի դեկտեմբերի 22-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչները վրան են տեղադրել Հանրապետության հրապարակում, եւ յուրաքանչյուր օր կուսակցություններից մեկը գիշերում է այնտեղ՝ շարունակելով պահանջել վարչապետի հրաժարականը:

 

Այսինքն՝ արդեն 30 օր է, ինչ Երեւանի հենց կենտրոնում վրան է տեղադրված, եւ տեղի է ունենում ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքային իշխանությունները անպատկերացնելի հանդուրժողականություն են ցուցաբերում այս երեւույթի նկատմամբ այն դեպքում, որ երբ մարդիկ իրենց սրճարանների աթոռները սահմանված հատվածից հեռու են դնում, Երեւանի քաղաքապետարանը անմիջապես տուգանում է, կամ եթե քաղաքացին փորձի թեկուզ մի փայտ ուղղահայաց դիրքով տեղադրել իր խանութի դիմաց, անպայման կտուգանվի։

Ինչո՞ւ 30 օր վրան տեղադրած ընդդիմադիրները չեն տուգանվում, արդյոք ունե՞ն թույլտվություն՝ Հանրապետության հրապարակում վրան տեղադրելու համար։ ArmLur.am-ը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ փորձելով պարզել՝ ով է դիմել վրանի տեղադրման հարցով, եւ որքան ժամանակով է թույլտվություն տրված: Երեւանի քաղաքապետարանը ArmLur.am-ի հարցին ընդհանուր է պատասխանել, առանց կենտրոնանալու հենց վրան տեղադրելու փաստի վրա: Մասնավորապես, քաղաքապետարանից հայտնեցին, որ 2020թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացի Աշոտ Սիմոնյանի, այնուհետեւ ՀՀ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից պարբերաբար քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն Հանրապետության հրապարակում շտապ հավաքներ կազմակերպելու վերաբերյալ: 2020թ. դեկտեմբերի 30-ից մինչեւ ս.թ. հունվարի 20-ը իրականացված հավաքները մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքներ են, որոնց մասին նույնպես քաղաքապետարանը տեղեկացվել է, իսկ մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների դեպքում, «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, իրազեկում ներկայացնել պարտադիր չէ», -հայտնում են քաղաքապետարանից: Այսինքն՝ վրան տեղադրելը քաղաքային իշխանությունները համարում են հավաք։

«Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին եւ ոստիկանությանը։

Այսպիսով, հավերժ արձակուրդում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ակնհայտ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում: Շարքային քաղաքացին, որ մայրաքաղաքի որեւէ հատվածում անհամեմատ ավելի փոքր տարածք է զբաղեցնում ինքնակամ, խիստ պատժի է արժանանում, իսկ ընդդիմադիրները մի ողջ վրան են տեղադրում մայրաքաղաքի սրտում, եւ ոչ մի վարչարարություն չի կիրառվում: Հետաքրքիր է՝ քաղաքապետ Մարությանը 17 կուսակցություններից կոնկրետ որին է ավելի գլխացավանք համարում, ումից է վախենում, ինչու եւ ինչքան ժամանակ այդ վախը պետք է մնա չհաղթահարված:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հեռացել է Հայաստանից: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս ազատվել է աշխատանքից ու տեղափոխվել Լեհաստան ապրելու: Ըստ ՀՎԿԱԿ-ում շրջանառվող տեղեկությունների՝ Թորոսյանը սկզբում արձակուրդի դիմում է ներկայացրել, գնացել է Լեհաստան ու այնտեղից արդեն հայտնել, որ այլեւս չի ցանկանում կենտրոնում աշխատել: Շատերի համար անակնկալ է եղել նրա հեռանալը, բայց նաեւ կենտրոնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կորոնավիրուսի հետ տարվող աշխատանքներում ինչ-որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել, ինչի համար Թորոսյանը դիմել է այդ քայլին:

Նշենք, որ երբ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Հայաստան է ներթափանցել կորոնավիրուսը, «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը շատ ակտիվ գործունեություն սկսեց իրականացնել, ներկայացնում էր ՀՀ-ում առկա վիճակը, իրենց կատարած աշխատանքները: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Լիաննա Թորոսյանի հետ, սակայն վերջինս շատ կարճ ասաց, որ ՀՀ-ում չէ, բայց կվերադառնա: Թե երբ, ինչու էր մեկնել կամ աշխատանքից հրաժարվել, վերջինս չցանկացավ պատասխանել:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին եւ նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

 




Լրահոս