Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվում են արտահերթ ընտրությունների շուրջ հուշագիր ստորագրել իշխանությունների հետ: Հունվարի 20-ին՝ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հանդես եկել նման առաջարկությամբ: Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի եւ նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, եւ դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում»,- ի պատասխան սակայն նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամին, պատգամավորներն ավելի մանրամասը անդրադարձան փոխվարչապետի առաջարկին՝ սակայն կրկին մերժելով այն: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ իրենց պահանջը Փաշինյանի հրաժարականն է՝ առանց նախապայմանների: «Մենք մեր կարծիքը նաեւ 17-ի շրջանակներում չենք փոխել, որ առանց նախապայմանների պետք է լինի այդ հրաժարականը։ Պառլամենտը պետք է շանս ունենա՝ ընտրի նոր վարչապետ, որը կկայունացնի որոշ ժամանակ իրավիճակը մինչեւ մեկ տարի, եւ այդ պարագայում արդեն մենք կգնանք ընտրությունների։ Գնալը էս վիճակում նոր ընտրությունների մեկ-երկու ամիս հետո հղի է լրջագույն վտանգներով»,- հայտարարեց Մելքումյանը։
Իսկ իշխանությունների առաջարկած հուշագրի բովանդակությունն այն է, որ ընդդիմադիրները պարտավորվեն վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրել։ Բանն այն է, որ գործող Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ ընտրությունների միայն մեկ տարբերակ կա՝ եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական տա, եւ խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ։ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ եւ իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Սակայն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ վարչապետի իրենց թեկնածուներն ունեն, եւ այս փուլում ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ անցումային կառավարության անհրաժեշտություն են տեսնում։ Հավելենք, որ «Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իսկ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։
Ն. Հ.
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԱՆՎԱՎԵՐ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում։ Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։ Դատարանը որոշել է անվավեր ճանաչել նախարարի հրամանը, բավարարել հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու՝ Ամատունի Վիրաբյանի պահանջը, Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Բացի այդ, դատարանը որոշել է նաեւ Արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք, հօգուտ Ամատունի Վիրաբյանի՝ 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերի: Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ եւ անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:
ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԻՐԱԿ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ՝ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ՝ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեւոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ. Ենովք քահանա Եսայանը։
Ո՞Վ ԷՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել: Վերջինս նաեւ նշել էր, որ իր հրաժարականի պատճառների մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո: Երեկ այդ որոշումը հաստատվեց, եւ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Շիրակի արդեն նախկին մարզպետի հետ՝ պարզելու համար, թե ինչն է նրա հեռանալու պատճառը: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը, մեր հարցադրումներին ի պատասխան, հայտարարեց, որ առայժմ որեւէ բան չի ցանկանում խոսել, իսկ առաջիկայում հանդես կգա ասուլիսով, որտեղ ամբողջությամբ կներկայացնի իր հրաժարականի պատճառները: Հավելենք, որ երեկ, կառավարության որոշմամբ, Շիրակի մարզպետի պաշտոնին նշանակվեց վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը: Սակայն նորանշանակ մարզպետի ճանապարհն այնքան էլ հարթ չի անցել: Մասնավորապես, նա փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին, եւ, մամուլի հրապարակումների համաձայն, դա կապված է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվի հետ: Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Վերջինս մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատարված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու համար. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ՝ ՊԱՏՈՒՀԱՍ
Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երեւանցիների համար։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է։ ArmLur.am-ը տեւական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից. նոր վերելակները կա՛մ չեն աշխատում, կա՛մ էլ դադարներով են աշխատում։ Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան եւ 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակարան հասնելու համար. աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանիքից: Նշենք, որ անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների մատակարարման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռնարկությունը։ Անցյալ տարվա պայմանագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երեւան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վերելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է քաղաքի բազմաբնակարան շենքերում։ Հին վերելակները նորով փոխարինելու գործընթացին Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ իր՝ 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվության մեջ։ Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաեւ ընթացիկ տարում։ Բայց ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ քաղաքապետարանը նոր վերելակները շահագործող մասնագետներ չունի։