Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն, ու նրանց տրվում է հավաստագիր, որով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները եւ առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: «Առաջարկում ենք, որ պատերազմի այն մասնակիցների համար, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, իրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում»,-ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշման հիմնական նպատակը երկուսն է՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, երկրորդ՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: «Մենք նաեւ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Տվյալ դեպքում մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն», – նշել է վարչապետը:
307 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք, առողջացել է 189 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 2199 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 630 604-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 528 դեպք, որոնցից 154 046-ը` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:
ՀԱՐԿԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 987,7 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների շուրջ 71,3 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողները վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 72,5 տոկոսն է կազմել: «Այսինքն՝ 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողները շուրջ 74 մլրդ դրամով քիչ հարկ են վճարել, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2020-ին հարկային եկամուտները 2019-ի հարկային եկամուտներից նվազ են մոտ 79 մրդ դրամով: Սա շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն վիճակը, որում հայտնվեցինք 2020 թվականին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա»,-ասել է նա: Անդրադառնալով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին՝ Մաշադյանը նկատեց, որ այստեղ զգալի փոփոխություններ չեն եղել. առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որի վճարումները 2020-ին գերազանցել է 50 մլրդ դրամը (2019-ի համեմատ նվազել է 6,4 մլրդ դրամով). «Առաջին տասնյակում ունենք միայն մեկ փոփոխություն. «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը 2020-ին զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ նրա փոխարեն տասնյակում է հայտնվել «ՄՏՍ» կազմակերպությունը: Ամենաշատ հարկերի ավելացում եղել է «ԳեոՊրոմայնինգ» կազմակերպության մոտ, հարկային եկամուտները 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով: Սա Սոթքի հանքավայրն է, եւ այն վիճակը, որ ունեցանք, իր ազդեցությունը կունենա 2021 թվականին: Երկրորդ ընկերությունը, որ 2020-ին հարկային եկամուտների աճ է ունեցել, CPS-ն է, որը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ»: Մաշադյանը նաեւ նշեց, որ 2020-ին ամենաշատ հարկային եկամուտ ապահոված ոլորտը առեւտրի ոլորտն է:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԼԻՆԵՆ
«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային օրեր սահմանել: Նախագծում նշվում է, որ Ամանոր եւ Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ, եւ տոն է նաեւ հունվարի 6-ը: Այդ օրերը կլինեն ոչ աշխատանքային, մյուսները՝ աշխատանքային: