ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Շուշիի հետ կապված հայտարարությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ իրենց առաջիկա պլաններին: Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն անգամ իր ներսում կոնսենսուս չունի, ու դա երեւում է իրենց առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածուից:

 

-Պարո՛ն Սիմոնյան, թեժ քննարկվում է վարչապետի հայտարարությունը՝ Շուշի քաղաքի հետ կապված: Մի հատվածը պնդում է, որ վարչապետն ասել է՝ Շուշին եղել ադրբեջանական քաղաք, ինչի համար էլ այն տրվել է ադրբեջանցիներին: Ինչո՞ւ նման տարատեսակ դիրքորոշումներ ներկայացվեցին վարչապետի հայտարարությունից հետո:

-Որովհետեւ շատ վաղուց ապրում ենք շահարկումների դաշտում, եւ երբ վարչապետը, օրինակ, ասում է՝ ինչու ուշադրություն չէիք դարձնում Շուշիին, ինչու չէիք ներդրումներ անում քաղաքում, թողել էիք, որ Շուշին մնա այդ վիճակում, դա կտրվում է եւ ընկալվում, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, այնինչ պահանջն ու հարցադրումը նրա մասին էր, թե ինչու ձեր սիրտը չի ցավացել այս տասնյակ տարիների ընթացքում: Ո՛չ վարչապետը, ո՛չ ես, ո՛չ մեր քաղաքական թիմը մեր պատմական քաղաքներին, տարածքներին նման վերաբերմունք ո՛չ ունեցել  ենք, ո՛չ կարող ենք ունենալ: Մենք ունենք հարցադրումներ այն մարդկանց, որոնք բերել հասցրել են այս վիճակին եւ փորձում են  հիմա շահարկել: Մարդիկ զգացել են, որ սրանք շահարկումներ են եւ ուշադրության արժանի շահարկումներ չեն:

-Ընդդիմությունն ասում է, որ իրենք հասկանում են  նախադասությունն այնպես, ինչպես դա արտաբերվում է վարչապետի կողմից: Այսինքն՝ իբրեւ վարչապետն ասել է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է:

-Ես գիտեմ  աշխատելաոճը, գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, եւ նախադասությունը հետեւից առաջ պտտելով կամ կտրելով՝ եզրակացություն չպետք է անեմ: Նման բան կարող է անել խոհանոցում նստող որեւէ անձնավորություն: Եվ եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հանկարծակի հայտնվել են ԱԺ դահլիճում ընդդիմության տեսքով, դա իրենց  խնդիրն է: Ես մեծ հույս ունեմ ու վստահ եմ, որ մենք շուտով  կունենանք նոր ընտրություններ, եւ բացը կլրացվի: Եվ այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեցան քաղաքական գործիչ դառնալ եւ դարձան, կվերադառնան ԱԺ, իսկ այն մարդիկ, որոնք մնացին շահարկումների խոհանոցում, կմնան այդտեղ:

-Նաեւ նշվում է, որ հենց արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխանությունը կեղծ օրակարգ է առաջ քաշել, որովհետեւ վարչապետը պետք է հրաժարական տա, որպեսզի իրենք կարողանան արտահերթ ընտրություններ իրականացնել:

-Դա եւս այդ նույն շահարկումների  մեջ է: Իշխանությունն ուզում է նոր ընտրություն անել, որպեսզի  ինչ անի: Դա աբսուրդ է: Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում ընդդիմությունն է պահանջել արտահերթ ընտրություն: Խնդիրը հետեւյալն է. պետք է, որ այլ թեկնածու չառաջադրվի: Իրենք ասում են՝ տենց վստահ եք, գնացեք, բայց մենք չենք ուզում երկիրը տանենք ցնցումների: Եկեք պայմանավորվենք, որ առանց ցնցում չի ընտրվելու նոր վարչապետ:

-Մոտ ապագայում ե՞րբ կարող են արտահերթ ընտրություններ իրականացվել:

-Եթե Դուք նկատի ունեք տեխնիկապես իրականացնել, ես կարծում եմ, որ իշխանությունը այսօր արդեն պատրաստ է կազմակերպչական այդ ամենը ապահովել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՕՐՀԱՍԱԿԱՆ

«Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը բացելու պահանջով քաղաքացիներն առաջիկայում նույնպես Դրմբոնի օրինակով ճանապարհներ կփակեն իրենց բողոքը իշխանություններին լսելի դարձնելու համար»,- հայտնել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Շատ բնակիչներ՝ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, ինձ դիմել են, դժգոհություն են հայտնել ու նաեւ ասել են, որ պլանավորում են առաջիկայում փակել բոլոր հնարավոր ավտոճանապարհները եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի իշխանությունը կարողանա տեղից շարժվի ու բարձրաձայնի Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը»,- նշել է նա։

 

Պատգամավորի խոսքով՝ մինչ Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրում տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ, Արցախը մնում է շրջափակման մեջ։ Դա հատկապես խնդիրներ է ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Արցախում եւ նախկինի փոխարեն պետք է մի քանի անգամ երկար ճանապարհից օգտվեն Արցախ հասնելու համար։

«Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ մարդիկ Արցախում են աշխատում՝ հանքարդյունաբերության, շինարարության։ Նախկինում 80 կմ էր ճանապարհը, տեղ էին հասնում, հիմա 300-400 կմ պետք է անցնեն։ Սա օրհասական խնդիր է, օր առաջ պետք է բարձրաձայնվի։ Հետպատերազմյան շրջանում ամենակարեւոր խնդիրներից պետք է լինի Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը։  Այդ հարցը պետք է բարձրացված լիներ միջպետական մակարդակով եւ պետական կառույցների կողմից, ինչը չի արվել»,- ասել է նա՝ նշելով, որ այս հարցի առնչությամբ պատրաստվում է գրությամբ դիմել ԱԳՆ։

Քաղաքացիները, ըստ պատգամավորի, պատրաստվում են փակել կարեւոր նշանակության ճանապարհներ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցիներն էին այս պահանջով փակել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որտեղով ադրբեջանական մեքենաներ են անցնում դեպի Քարվաճառ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ։

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Շուշիի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ Շուշին հայկական է, իր ամենասիրելի քաղաքներից։

Պատասխանելով հարցին՝ արդյոք պատասխանատվություն չի զգում պատերազմի եւ դրա հետեւանքների համար, պատգամավորը նշել է, որ ինքը պատասխանատվությունից թեեւ չի փախչում, բայց սովոր է պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ է, այնինչ պատերազմի ընթացքում տեղի ունեցածն իր համար էլ բացատրություն չունի, եւ այդ պատճառով է, որ իր դիրքորոշումն է հայտնել ու լքել իշխող խմբակցությունը։ Թ. Թովմասյանը կարծիք է հայտնել նաեւ, որ ներկա քաղաքական գործընթացները ակնհայտորեն չեն կարող տանել վարչապետի փոփոխության։ «Երկու կողմն էլ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը, նահանջել են, ցավալիորեն պետք է շարունակենք մեր ունեցած իրավիճակում»,- նշել է նա։

Ն.Պ.

 

 

 

ԽՈՒՃԱՊԱՅԻՆ

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից: Նրանք բարձրաձայնում են, որ երկար ժամանակ է՝ իրենք ունեն հեռախոսակապի խնդիր, եւ լինում են դեպքեր, երբ ամբողջությամբ կապը խափանվում է: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ կապի ծառայություն մատուցող ընկերություններից:

«Վիվա-ՄՏՍ»-ն ի պատասխան հայտնում է. «Վարդենիսում եւ հարակից բնակավայրերում առաջացել է կապի որակի վատթարացում։ Բջջային ծածկույթի բացակայության խնդիր, որպես այդպիսին, չկա: Խնդիրը կայանում է նրանում, որ եղանակային բարդ պայմանների, այն է՝ առատ ձյան պատճառով վնասվել է տարածաշրջանում «Վիվա-ՄՏՍ»-ի կայանները կապող օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է մատակարար ընկերությանը, այլ ոչ թե «Վիվա-ՄՏՍ»-ին։ Մալուխի վթարի պատճառով «Վիվա-ՄՏՍ»-ի կայանների հետ կապն ապահովելու համար գործի են դրված բացառապես ռադիոռելեային կապուղիներ։ Հաշվի առնելով այն, որ կապուղիների գերհագեցվածության պատճառով առկա են որոշակի դժվարություններ ձայնային ծառայությունների մատակարարման առումով ցանցի առավել ծանրաբեռնված ժամերին՝ «Վիվա-ՄՏՍ»-ը նաեւ առավելագույնս ուժեղացրել է այդ կապուղիների թողունակությունը։ Վթարը վերացնելու ուղղությամբ մատակարար ընկերության կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունավետությանը, սակայն, խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները: Ակնկալվում է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն երկօրյա ժամկետում: Հարկ ենք համարում նշել, որ «Վիվա-ՄՏՍ»-ի որեւիցե կայանի կամ համակարգի գործունեություն չի դադարեցվել: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»:

 

 

 

ԵԽ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է

Եվրախորհրդարանն ընդունել է «Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության մասին» եւ «Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության մասին» բանաձեւեր-տարեկան զեկույցներ, որոնցում հատուկ տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ դատապարտվում է Թուրքիայի միջամտությունը վերջին պատերազմին: Եվրախորհրդարանը «ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ԼՂՀ-ում եւ նրա շուրջը, մտահոգությամբ ընդգծում է հակամարտության մեջ երրորդ երկրների ռազմական մասնակցությունը եւ, մասնավորապես, Թուրքիայի ապակայունացնող դերն ու միջամտությունը, կոչ է անում միջազգային հետաքննություն իրականացնել օտարերկրյա գրոհայինների ենթադրյալ ներկայության եւ կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ, կոչ է անում Եվրամիությանը եւ միջազգային մարմիններին ապահովել նրանց պատասխանատվությունը ԼՂՀ-ում ռազմական հանցագործությունների եւ հակամարտությունում արգելված զենք օգտագործելու համար»:

 

 

 




Լրահոս