ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է անվանի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Երեւան եւ Բաքու կատարելիք այցերի նպատակը:

 

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ առաջիկա օրերին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արտասահմանյան մեծ շրջագայություն կկատարի: Իրանական Mehr լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը. «Հաջորդ շաբաթ նախատեսում եմ այցելել Կովկաս եւ Ռուսաստան»: Եթե նկատի ունենանք այցի միայն կովկասյան մասը, որը նախատեսում է այց Բաքու եւ Երեւան, ապա այն պարունակում է բանակցային միասնական օրակարգ: Mehr-ը թվարկում է. «Թեհրանի ներդրումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում համագործակցության նոր հնարավորություններ՝ ներառյալ իրանական ընկերությունների մասնակցությունը այս տարածաշրջանի վերականգնմանը»: Այն նաեւ մատնանշում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում Իրանի հետ համագործակցության հնարավորությունը` շեշտը դնելով այս տարանցիկ ուղու եւ նոր հաղորդակցական միջանցքների ներուժի օգտագործման վրա, որոնք բացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո:

Ինչ վերաբերում է մոսկովյան օրակարգին, այն ավելի ընդարձակ է՝ Սիրիա, Պարսից ծոց, Աֆղանստան եւ ԱՄՆ հնարավոր վերադարձը Իրանի միջուկային համաձայնագրին: Այնուամենայնիվ, այս երկու օրակարգերը միավորված են ընդհանուր արտաքին քաղաքական ֆոնով, որը խաղում է Թեհրանի օգտին: Իդեալական կլինի այն, որ Վաշինգտոնը կարող է վերականգնել իր մասնակցությունը իրանական միջուկային գործարքին առանց նախապայմանների, չնայած կարող են հայտնվել նախապայմաններով որոշ այլ տարբերակներ, որոնք կառաջարկվեն այս կամ այն կողմից: Ամեն դեպքում, սա Թեհրանին վերադարձնում է համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա» եւ, համապատասխանաբար, մեծացնում է դրա առաջին հերթին տարածաշրջանային նշանակությունը: Կասկած չկա, որ Թեհրանը կօգտագործի այս կարեւոր նրբությունը Բաքվում եւ Երեւանում անցկացվող բանակցություններում աշխարհաքաղաքական օրակարգում որոշակի ճշգրտումներ մտցնելու համար:

44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում Իրանը Ռուսաստանի պես չեզոք դիրք էր ընտրել եւ իրեն պահում էր ծայրաստիճան զգույշ, բայց բնավ ոչ այն պատճառով, որ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Նրա քաղաքականությունը պայմանավորված էր մեկ այլ հանգամանքով ՝ երկրի հյուսիսում թյուրքախոս բնակչության առկայությամբ: Ըստ Haberturk-ի՝ եթե Արցախյան պատերազմը ձգձգվեր, եւ Անկարայի կողմից թուրքամետ սիրիացի  գրոհայիններ ներգրավվեին, ապա ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղից իրանական Ադրբեջան տեղափոխման վտանգ կար: Իրադարձությունների նման ընթացքը կանխելու համար Թեհրանը երկրի հյուսիսում տեղակայել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ջոկատներ: Ըստ պարբերականի՝ «միեւնույն ժամանակ, նման իրավիճակը համարվել է անհրաժեշտ նախապայման Իրանում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները կանխելու համար»:

Թեհրանի կողմից իրավիճակի մեկնաբանությունը մտահոգություն էր պարունակում նաեւ Ադրբեջանում Թուրքիայի ներկայության գործոնի, ավելի ճիշտ՝ դրա ռազմական մակարդակի վերաբերյալ: Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները  կոչեր էին անում «որոշակի հանգամանքներում ակտիվացնելու Անկարայի ջանքերը «Հյուսիս-Հարավային Ադրբեջան» բանաձեւը գաղափարականացնելու համար: Ահա թե ինչու, ինչպես գրում է Javan իրանական հրատարակությունը, «Թեհրանը սատարեց Արցախյան պատերազմը դադարեցնելու Մոսկվայի ջանքերին եւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն, քանի որ Անկարան տարածաշրջանում ստացավ ոչ այն, ինչի հույսն ուներ»: Այժմ Իրանը կանգնած է նոր աշխարհաքաղաքական պայմաններում Բաքվի եւ Երեւանի հետ փոխգործակցության կառուցման առջեւ, որպեսզի պատերազմի ավարտից հետո ինչ-որ կերպ ուրվագծի իր դերն ու նշանակությունը արցախյան կարգավորման գործընթացում: Միգուցե որոշ տարբերակներ գտնվեն, բայց սա հեշտ գործ չէ, եւ Զարիֆը այն պետք է լուծի Բաքու եւ Երեւան կատարելիք այցերի ընթացքում:

Իրավիճակի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը, ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, լիարժեք հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Անկարան առայժմ միայն տեսականորեն է խոսում Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, իսկ Բաքվում այդ մասին չեն էլ մտածում,  չնայած  ակտիվորեն առաջ են տանում Հայաստանի տարածքով Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի միջանցք ստեղծելու նախագիծը: Ի դեպ, Նախիջեւանի թեման վերաբերում է նաեւ Իրանին, քանի որ մինչ այժմ Ադրբեջանից դեպի ինքնավար հանրապետություն տանող ճանապարհն անցնում էր Իրանի տարածքով: Նոր միջանցքը կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, իսկ Թուրքիան մուտքի իրավունք կստանա Ադրբեջան՝ առանց Իրանի կամ Վրաստանի տարածքը հատելու: Նման իրավիճակը, իհարկե,  ձեռնտու է Անկարային եւ Բաքվին, որոնք այժմ հենց դրանով էլ զբաղվում են՝ փորձելով շրջանցել Իրանը:

Բայց թվում է, որ, առանց հաշվի առնելու բուն Թեհրանը եւ նրա շահերը, այդ հարցը լուծելը հեշտ չի լինի, քանի որ տարածաշրջանային առումով Իրանն ու Թուրքիան բացահայտ մրցակիցներ են, որոնց շահերը, սկսած տնտեսությունից եւ վերջացրած նույն աշխարհաքաղաքականությամբ, տրամագծորեն հակառակ են: Այլ հարց է, որ, ի տարբերություն ներկայիս ակտիվ քաղաքականության, որը վարում է Թուրքիան հարեւանների նկատմամբ, Թեհրանը բավականին հավասարակշռված է գործում միջազգային քաղաքական ասպարեզում: Բայց սա՝ միայն առայժմ:

 

 

 

ՍԱՀՄԱՆԻՆ՝ ԿԱՅՈՒՆ

Հունվարի 21-ին եւ 22-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Կողմերը նշել են 2020թ. կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաեւ ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաեւ 2026 թվականից հետո:

 

 

 

ԿԱՏԱՐՎԱԾԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿ

2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքից, 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրա ձեռքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է իրեն: Նշենք, որ վերջինս Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին քննվում է ինքնասպանության վարկածը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները քննություն են տանում բոլոր ուղղություններով: Կատարվածը հանելուկ է մահացածի հարազատների համար, քանի որ Արթուր Ապրեսյանը պարկեշտ անձնավորություն էր: Մեզ հետ զրույցում Արթուր Ապրեսյանի հարազատներն ու ընկերները միայն դրական կարծիք հայտնեցին՝ նշելով, որ նա շատ ուժեղ մարդ էր ու չի ունեցել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին նրան հասցնել ինքնասպանության: «Կատարվածից ապշել ենք բոլորս ու չգիտենք՝ ինչու, ոնց»,- նշեցին հարազատները: Արթուր Ապրեսյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա: Նշենք, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել եւ վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՐՑԱԽՑՈՒ ՀԱՄԱՐ՝ ՑԱՎԱԼԻ

«Ցավալի է, որ Հայաստանի առաջնորդը հնագույն հայկական Շուշի քաղաքի մասին խոսում է ժողովրդագրական փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի են ունեցել ջարդերի արդյունքում 100 տարի առաջ»,- ասել է քաղաքագետ Թեւան Պողոսյանը: Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը, հավանաբար, փորձում է փաստարկներ առաջ քաշել՝ ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո իր վախերից:

«Ամեն դեպքում, յուրաքանչյուր արցախցու համար ցավալի է նման խոսքեր լսել հատկապես պետության ղեկավարից: Որքան էլ տարօրինակ է, Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունը դրական արդյունք տվեց: Հանրությունը սկսեց խորանալ պատմական փաստերի մեջ, հետաքրքրվել եւ վերագնահատել իր ժառանգությունը»,- նշել է նա:

 

 

 




Լրահոս