Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Այդ հարցով Արման Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաեւ այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:
«Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողներին, ինչպես նաեւ այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:
Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաեւ Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը եւ նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։
Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության եւ այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության եւ մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը, այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների բացարձակ անտեսմամբ եւ չունի լեգիտիմություն:
Հետեւաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որեւէ չափանիշ:
Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։
Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարեւանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ (օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ) տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որեւէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել են անորոշության ու որեւէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:
Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետեւաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված (մեր երկրի ներսում` նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված) իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:
Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:
Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
2021թ. հունվարի 21-ին «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի՝ 2002թ. ծնված բնակչի դին: Ըստ քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է 2021թ. հունվարի 21-ին՝ Աշտարակի արհեստագործական ուսումնարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Օշական գյուղի 20-ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել է՝ 18-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարեւոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ավագ Բալինյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու 61-րդ հասցեում գտնվող գազալցակայանի բակում Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Ղալեչյանի հետ վիճաբանության ընթացքում քննությամբ դեռեւս չպարզված շարժառիթով, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող ապօրինի պահվոզ հրազենով երկու անգամ կրակել է Արման Ղալեչյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով աջ գոտկատեղային, ձախ ազդրի հրազենային վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին։
Դեպքից հետո նա ավտոմեքենայով փախուստի է դիմել։ Ավագ Բալինյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2021թ. հունվարի 20-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դատական նիստ է անցկացրել, որի ընթացքում քննվել է Ավագ Բալինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, եւ որոշվել է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու միջնորդությունները:
Այս մասին հայտնել է Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը: Այսպիսով, դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից եւ կշարունակեն պաշտպանել մեղադրանքը: Իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի եւ մյուս դատախազների անկողմնակալ չլինելու վերաբերյալ։ Այս գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին: