ՀԱՆՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով հոդված է հրապարակել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին: Դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ ԼՂ  կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։

 

«Սույն թվականի հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետեւ մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության եւ պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար եւ կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն եւ համառություն հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։

Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։

Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն եւ ներառական տնտեսական աճին աջակցելը, առեւտրի եւ ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը եւ համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։

Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար։

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում. մեր հայ ընկերների եւ գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը եւ Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ, առաջարկվում եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը եւ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

 

 

 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը եւ առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն.  ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչեւ 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: «Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ  իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր եւ ընդգրկուն  ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները եւ այլն:

Մասնավորապես, իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի եւ մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների եւ մասնակիցների կազմի, ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական եւ ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ

2018թ. հուլիսի 20-ին Տավուշի մարզպետ (այժմ՝ ԱԺ պատգամավոր) Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանին նշանակելու վերաբերյալ։ 2018թ. հոկտեմբերի 21-ին առանց մրցակցության Արգամ Արզումանյանը ընտրվել է նշված համայնքի ղեկավար։ 2020թ. հունվարին Արգամ Արզումյանյանը դիմում է ներկայացրել  սահմանամերձ, 550 բնակիչ ունեցող Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին։ Նա համարել է, որ գյուղի խնդիրները լուծելու  համար իր առաքելությունը կատարել  է։ Նոր տեխնիկայի եւ նոր տեխնոլոգիաների  ինժեներ Արգամ Արզումանյանի ընտանիքը Ռուսաստանում բիզնես ունի։ 2021թ. հունվարի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ղեկավարվելով «ՀՀ տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի 27 հոդվածի 1-ին մասով՝ որոշել  է  Տիգրան Ռադիկի Հարությունյանին նշանակել Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։  Տիգրան Հարությունյանը անկուսակցական է,  2016թ. ընտրվել է Բերքաբեր համայնքի ավագանու անդամ։

 

 

ՀԻՇԱՏԱԿԸ ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ

Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմին շատ տավուշցիներ մասնակցեցին, նրանց մի մասը զոհվեց, դեռեւս  կան անհետ կորածներ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունվարի 15-ին որոշում է ընդունել Տավուշի  մարզից հայրենիքի  պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացման  համար  աշխատանքներ կատարելու նպատակով  ստեղծել հանձնաժողով, որի նախագահն է Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, անդամները՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ։ Հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում պետք  է մարզպետին  ներկայացնի առաջարկությունների  փաթեթ։

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏՈՒՄ  ԵՆ

Հունվարի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի «Տավուշի մարզի Այգեձորի  կոմունալ  ծառայություն»  ՀՈԱԿ-ի տնօրեն  Գրիգոր Ալիփյանի դատավարությունը։  Նա, լինելով  նշված  կոմունալ  ծառայության ՀՈԱԿ-ի տնօրեն եւ մշտապես կազմակերպչական-տնօրինչական  գործառնույթներ  իրականացնող պաշտոնատար անձ, նախապես  տեղյակ լինելով, որ նույն  ՀՈԱԿ-ի  ջրային տեխնիկներ Սահակ Ճաղարյանը, Սարգիս Առուշանյանը, պահակ  Արգամ Օրդյանը  աշխատանքի  չեն հաճախում, անձնական  այլ  դրդումններով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել, կնքել  եւ ստորագրել  է պաշտոնեական փաստաթուղթ  հանդիսացող  աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր։  Գ. Ալիփյանին մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգքրի 314 հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագով։  Նրա խափանման միջոց է ընտրվել   չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս