ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության եւ որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետեւանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով՝ առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների մենթորական աջակցության եւ սովորողների հեռավար ուսուցման գործընթաց, մասնավորապես, մրցութային կարգով ու մենթորության ձեւաչափով նպաստել մարդկային կարողությունների զարգացմանը՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում՝ դպրոցներում կձեւավորվեն էլեկտրոնային դասավանդման կարողություններ, ինչից հետո այդ դպրոցները բացակայող ուսուցիչների առարկաները կդասավանդեն այլ դպրոցներում։

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝ թիրախային միջամտություն, կարողությունների զարգացման նպատակով դպրոցների ընտրություն, համաժամանակյա ուղեկցմամբ դասընթացներ Էլեկտրոնային դասավանդող դպրոցների համար, ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին ծառայությունների մատուցման իրավական, աշխատանքի մշտադիտարկման եւ որակի շարունակական բարելավման մեխանիզմների մշակում:

Թիրախային միջամտություն բաղադրիչի շրջանակում մինչեւ 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում եւ առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։

Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն եւ կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձեւաչափով եւ հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետեւ կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորներն ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Այդ նպատակով մինչեւ հունիսի 30-ը կմշակվեն իրավական մեխանիզմներ։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչեւ օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել եւ ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների եւ որակի ճանաչման վրա։

Այսպիսով, ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:

Բացակայող ուսուցիչների թիվ՝ Մայրենի-1; Հայոց լեզու եւ գրականություն-15; Պատմություն-11; Հայ եկեղեցու պատմություն-79; Մաթեմատիկա-5; Քիմիա-49; Ֆիզիկա-35; Կենսաբանություն-36; Աշխարհագրություն-36; Ինֆորմատիկա-72; Ռուսաց լեզու-7; Օտար լեզու-15; Շախմատ-61; Ֆիզկուլտուրա-20; ՆԶՊ-22; Տեխնոլոգիա-65; Կերպարվեստ-86; Երգ, պար, երաժշտություն-80; ընդամենը-695:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Փոփոխություն է կատարվել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ Մասնավորապես, թաղման նպաստ ստանալու համար դիմող անձից չի պահանջվի մահացած կենսաթոշակառուի հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

 

 

 

5-7 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երեւանում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳԾՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի 87, քիմիայի ու  կենսաբանության՝ 84, եւ  աշխարհագրության՝ 48 լաբորատորիա: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Մինչ գործընթացի մեկնարկը «Կրթական ծրագրերի կենտրոնն» ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության եւ առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:

 

 

 

183 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք, առողջացել է 213 քաղաքացի, մահացել՝ 9-ը: Մեկ օրում կատարվել է 2042 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 632 646-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 711 դեպք, որոնցից 154 259-ը` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

 

 

 

ՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ

Երեկ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Խ.՝ ծնված 1979թ.) Հաղարծին բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 6մ սահել դեպի ձորը եւ գլխիվայր շրջված ընկել Աղստեւ գետը: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 




Լրահոս