Մոսկվայում վաղը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների փոխվարչապետերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է տրանսպորտային ճանապարհների կառուցման հարցը: Ճանապարհների ապաշրջափակումը եռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն էր:
Ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Կողմերը պայմանավորվել էին բանակցությունների այդպիսի ֆորմատ ստեղծել հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը: Փոխվարչապետերի մակարդակով հանդիպման հիմնական խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ է պետք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համար:
Փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի ծրագիր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Հիմա Նախիջևանի և Ադրբեջանի միջև միայն առկա է ավտոճանապարհ: Ադրբեջանն արդեն իր տարածքում սկսել է երկաթգծի կառուցումը: Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ իր երկրին պետք է երկու տարի, որպեսզի ճանապարհ կառուցի Հորադիզից Զանգելան:
Մանրամասները՝ տեսանյութում: