ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր նախագիծ. դատավորների թիվը կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս փաթեթով մի շարք փոփոխություններ են նախատեսված:

Նախ, նախագծով ամրագրվելու է, որ մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացվելու է քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում, մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը կվերապահվի ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին:

Իսկ ինչու է արդարադատության նախարարությունը նման նախագիծ ներկայացրել. դատական իշխանության պաշտոնական կայքում առկա վիճակագրական տվյալները փաստում են, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երևան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում: Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարացնելու և կալանքի վերահաստատման մասին միջնորդությունները կազմել են՝ Երևան քաղաքում՝ 2.193, մարզեր՝ 1.213, խուզարկության կատարման մասին միջնորդությունները՝ Երևան քաղաքում՝ 3.005, մարզերում՝ 2.298: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջնորդությունների այսպիսի թիվը ոչ միայն առաջացնում է գերծանրաբեռնվածություն, այլև չի ապահովում տվյալ միջնորդությունների քննության արդյունավետությունը և նշված հարցերով մասնագիտացումը:

Բացի այդ, արդարադատության նախարարությունը մեկ այլ խնդիր է բարձրացնում. Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին  խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:

Եվ ահա, հաշվի առնելով հաշվի առնելով քննվող քրեական գործերի ընդհանուր վիճակագրական տվյալները և հարաբերակցությունը առանձին գործերի հետ՝ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել նաև քրեական մասնագիտացման նոր դատավորներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս