Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:
Այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների կապակցությամբ, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ: