ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու չի գործել ավտոհամարանիշներ փնտրելու բաժինը. ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ» բաժինը տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Տեղեկացնենք, որ այս բաժինը գործում էր 2015 թվականի սեպտեմբերի 11-ից. այստեղ, առցանց հարցման եղանակով, քաղաքացիները կարողանում էին ստուգել ավտոմեքենայի իրենց նախընտրած համարանիշի առկայությունը եւ ծանոթանալ գներին: Պարզապես պետք էր ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետեւ մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում եւ սեղմել «Ստուգել առկայությունը»: Բայց ArmLur.am-ին դիմած քաղաքացիները տեղեկացրին, որ արդեն մի քանի օր է, ինչ փորձում են մուտք գործել, սակայն ապարդյուն, տվյալ բաժինը չի գործում, հնարավոր չի լինում մուտք գործել: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է: Եւ մեր կողմից խնդիրը ոստիկանություն փոխանցելուց հետո բաժինը վերականգնվեց: Հուսանք՝ այն դարձյալ անհասանելի չի դառնա վարորդների համար:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին լրացումների և փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեին 60 000-8 000 000 դրամ:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016թ. նոյեմբերի 14-ից նվազել էին, սակայն հետագայում սակագները բարձրացվել են, և նորից շրջանառության մեջ էին դրվել 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերը: Դրանք այսպես կոչված «գոլդ» համարանիշներն են՝ նույն թվերից կազմված:

Ս.Հ.




Լրահոս