Ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի
ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների
ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական
գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ
հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում
տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգևով
պարգևատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ
Դումանյանը:

Պարգևատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը
հայտնեց, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի
ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝
երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա
ուսուցմամբ: Նշված է նաև, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան
դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը
կարող են կազմակերպվել հեռավար:

Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային
կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին
ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով
կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու
բուհական ինքնավարության շրջանակում:

Այնուհետև՝ նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գևորգյանն առաջարկեց առաջին
կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ
հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը
կարող է կազմակերպվել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ օրինակ մեկ ամիս անց կարող է որոշվել
ուսումնական գործընթացն ամբողջովին իրականացնել առկա ձևով:

Հիշեցնենք, որ հրապարակված հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար
առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր,
օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է
գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական
մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:

Նիստի ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ և առաջարկներ: ԵՊՀ ՈՒԽ
նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրեց կառույցի կողմից անցկացված առցանց
հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝
նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձևով:

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն
ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական
պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային
դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ուսումնական
գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետներում:

Հանդիպման օրակարգային մյուս հարցով քննարկվեց պատերազմում զոհված
ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցը: Գեղամ Գևորգյանը նշեց,
որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ,
չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ զոհված
ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց
վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:

Նա նշեց, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու
վերաբերյալ, և առաջարկեց որոշ ժամանակ սպասել: Գեղամ Գևորգյանն ասաց, որ 3
ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված
քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող
ճեմուղում: Նա այս ընթացքում մտածելու և առաջարկություններով հանդես գալու
կոչ արեց դեկաններին:




Լրահոս