Փետրվար ամսվա ընթացքում հանրային քննարկման ու շրջանառության մեջ կդրվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Նկատենք՝ օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք եւ դրա փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն: Այսօր բացի Ընտրական օրենսգրքից, խմբակցության նիստում քննարկվել է նաեւ սահմանադրական փոփոխություններ անելու հնարավորությունը եւ առաջարկն էլ եղել է Վահագն Հովակիմյանինը: Սակայն այս հացով քննարկումները շատ նախնական են եղել: ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովն՝ առանց վարչապետի հրաժարականի։ Սակայն նկատենք՝ սահմանադրական փոփոխության այս նախագիծն ընդունելու համար եւս անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն, իսկ խմբակցությունը նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո ունի 83 պատգամավոր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին էր հայտարարել 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին և քաղաքական ուժերին հրավիրել քննարկումների։ Այդուհանդերձ, նրա հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերը պնդում են՝ Փաշինյանի կառավարման օրոք արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն, իսկ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ չի համաձայնվել այն տարբերակին, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ոչ ոք չպետք է առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:
Իսկ ինչ փոփոխություններ են նախատեսված Ընտրական օրենսգրքով. կարեւոր հարցերն են՝ ընտրողների ցուցակների հետ կապված կարգավորումները, նախընտրական քարոզարշավի և դրա ֆինանսավորման և մնացած խաղի կանոնների հետ կապված կարգավորումները, ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված կանոններ: Փոփոխություններ կան կապված նաեւ կուսակցությունների և դաշինքների գրանցման, մանդատների բաշխման եւ այլ հարցերի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.