Արսեն Թորոսյանի ընկերը Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում երեք փուլն էլ «անցել» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր իրականացվում: Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթի 3 փուլն էլ հաղթահարել է Նարեկ Վանեսյանը: Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Հավելենք, որ վերջինս առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանը մեղադրվում էր  Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով։ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար: Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն, կարճվել է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս