Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ արդյոք իր ապագան շարունակի կառուցել Հայաստանում, թե կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ: Օրենքների անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման, ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ, եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նածագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ, խախտում արված լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավոր է արդյոք տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել. այն միայն դրվել է հանրային քննարկման եւ ստացել չորս կողմ ձայներ: Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը: Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, եւ ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին: Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում: Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գործում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը: Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, եւ այդպես ՀՀ գործող կառավարությունը կհասնի իր իրական նպատակին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։ Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ: Ակնհայտ է, որ Մարությանին Երեւան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երեւանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաեւ ողջ Երեւանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին: Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երեւանի քաղաքապետը կրկին որեւէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված:
Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։ Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա: Նկատենք՝ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանի իշխանությունները մտահոգված են նաեւ այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։ Կովկասագետ Վլադիմիր Սաժինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են: «Կարծում եմ՝ կլուծվեն տնտեսական հարցեր, բնականաբար, կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ այլ քաղաքական հարցեր: Իրանը ցանկանում է ցույց տալ իր ազդեցությունն այն իրավիճակի վրա, որը առկա է Կովկասում, քանի որ հարցի կարգավորման մեջ դեր խաղացին Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան», – նկատեց կովկասագետը: Հավելենք, որ Զարիֆի հաջորդ կանգառը Մոսկվան է. նա Երեւան կայցելի վաղը՝ հունվարի 27-ին:
2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը: Եվ դա նաեւ պատճառ հանդիսացավ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց: Եվ, ահա, 2021 թվականն արդեն մեկնարկել է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ արդյունքներով է Հայաստանը փակել 2020 թվականը, եւ թե որ գերատեսչությունը որտեղ է թերացել: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը թերացել է «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» դրույթն իրականացնելիս եւ կատարողականը կազմել է 78.48 տոկոս, Ազգային ժողովի պարագայում այս նույն կետի կատարողականը կազմում է 74.90 տոկոս: Վարչապետի աշխատակազմը չի կատարել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» դրույթն ու «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» դրույթը, իսկ, ահա, «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» դրույթը կատարել է 62 տոկոսով: Համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ տնտեսվել են արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված ծախսերը, եւ կատարողականը կազմել է 39 տոկոս: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թերացել է «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագիրն իրագործելիս՝ ցույց տալով 29.38 տոկոս կատարողական: Նկատենք, որ բյուջեի կատարողականում մեծ տեղ են գրավում կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքների չեզոքացման ծրագրերը, որոնցից շատերը դեռ ընթացքի մեջ են: