Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված:
«Սա դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետեւանքով կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում, միեւնույնն է, ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ: Այս գործն օրինակ է, թե ինչպես է գործադիր իշխանության համակարգի բյուրոկրատիան խաթարում իրավունքի գերակայության գաղափարը, եւ ինչպես է կոպտորեն ոտնահարվում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական սկզբունքը:
Այս գործը ցույց է տալիս, որ գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքների հանդեպ, որքան էլ ռազմավարական տարբեր փաստաթղթերում կառավարությունները տարիներ շարունակ ամրագրել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ:
Բյուրոկրատական նման քաշքշուկները մարդկանց աչքերում արժեզրկում, զրոյացնում են այդ բոլոր գաղափարները, դրանք դարձնում են հռչակագրային անիրական «մտքեր»:
Օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ: Այս տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով եւ հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ:
Տեղի են ունեցել մի քանի տասնյակ հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների եւ հարցի կարգավորման գործում ներգրավված այլ կողմերի միջեւ: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում եւ հաղորդումներում: Բանն այն է, որ 2004թ. կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետեւանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետեւանքով կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:
2006 թվականից մինչեւ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաեւ օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները:
Ավելի քան 7 տարի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետեւանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը:
Մինչդեռ տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել եւ շարունակում են չգործադրել հետւեողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
2017 եւ 2020 թվականներին կառավարության հետ քննարկումները եւ ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենադրական նախաձեռնությունը: 2020 թվականին, սակայն, Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացություն, ինչի արդյունքում գործընթացը կանգ առավ:
Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեեւ պատկան մարմիններից որեւէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաեւ հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տեւողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության:
ՀՀ կառավարությունը [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը:
Մենք շարունակելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում գործադրել առկա բոլոր հնարավորությունները՝ օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով»,- նշված է Ա. Թաթոյանի հայտարարության մեջ:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ
Հունվարի 21-ին մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։
Փոխհամաձայնության չգալով՝ տղամարդը հրաժարվել է առաջարկից: Մեքենայի վարորդն, իբր, կասկածել է, որ տղամարդն օտարազգի է, նրան նստեցրել է ավտոմեքնան ու շարժվել դեպի Գորիս։ Ավտոմեքենան է նստել նաեւ զինվորական վերնազգեստով մի քաղաքացի, որը, գրպանից հանելով ատրճանակը, սպառնացել է հանգիստ չմնալու դեպքում կրակել։ Տղամարդու մոտից հափշտակել են փող, բջջային հեռախոս ու Wi-Fi ցրիչ սարք: Այնուհետեւ նույն մեքենայով տղամարդուն տեղափոխել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ եւ հեռացել: Տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը, հնարավոր է, կատարած լինեն Գորիս քաղաքի 37-ամյա երկու բնակիչներ։ Նրանք հայտնաբերվել ու ներկայացվել են Գորիսի քննչական բաժին։ Տղամարդկանցից մեկը ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը՝ պատյանով, եւ ցրիչ սարքը: Նրանք ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է:
ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
2020 թվականի դեկտեմբերի 4-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կրկին շրջանառության մեջ է դրվել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին դեպքերում ընդհուպ հնգապատիկ բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը, նախատեսել բազային դրույթաչափի 10-ապատիկ, 20-ապատիկ, 30-ապատիկ դրույքաչափեր այն դեպքերում, երբ գործող իրավակարգավորումներով պետական տուրքի վճարում նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ նույն նախագիծը՝ որոշ տարբերություններով, քննարկման էր դրվել 2020 թվականի հունիսի 30-ին։ Նախագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ Վերաքննիչ եւ Վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999 թվականի օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:
Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաեւ դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաեւ տուրքի գանձման այլ դեպքերը։
2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների տուրքի առավելագույն չափերի եւ նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաեւ նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել տուրքի առավելագույն չափերը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, եւ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10.000.000 դրամ։
Ն. Հ.