«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաեւ դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ:
Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, եւ անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, եւ տարբեր միջավայրերում Մարությանը բավականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաեւ Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հարաբերություները, եւ երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաեւ անվստահություն հայտնի Մարությանին եւ նրան փոխարինի Արմեն Կոտոլյանով:
Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է:
Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերաբերում է բաղաքապետարանի կողմից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:
«Կա խոսակցություն, մասնավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գազելների» գնման մեջ առերեւույթ կա լրջագույն հանցագործություն, եւ պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից եւ օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նույն խոսակցությունը, հիշեցնենք, կար նաեւ հայտնի «Կամազ»-ների գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները չցանկացան կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերել: Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ այն ժամանակ Մարությանի եւ Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, եւ գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գագել»-ների գործարքի մասին, ասում են՝ զայրացել է:
«Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,- ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։