Մանկական կերերի շուկայում իսկական քաոս է. գները շեշտակի բարձրացել են: Ներմուծող ընկերությունները մեղքը բարդում են եվրոյի բարձր փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ «Nutrilon» կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել է՝ դառնալով 5850 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200 դրամով: Թանկացել է նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի «Hipp» մանկական կերերը:
Տեղեկացնենք, որ «Nutrilon»-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից: Ի պատասխան մեր հարցմանը, ընկերությունից փոխանցեցին. «Ամենաշատը եվրոյի մեջ է թանկացումը եղել՝ 550 դրամից դարձել է մոտ 650 դրամ: Ընկերությունը, տարեսկզբից սկսած, ինչ սկսվել է եվրոյի փոխարժեքի բարձրացումը, իր միջոցների, եկամուտների հաշվին պահել է այդ գինը մինչեւ դեկտեմբերի վերջ: Մենք Եվրոպայի մեր գործընկերներին խնդրել ենք, որ իրենք էլ իրենց կողմից գործողություն անեն, որպեսզի պահենք այդ գինը, բայց արդեն հունվարից հնարավոր չէր»:
Նկատենք, որ տարիներ շարունակ Հայաստանում մի ավանդույթ է անշեղորեն գործում. եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս: Բայց երբ իջնում են գները, գրեթե երբեք շարքային սպառողը գների էժանացում չի նկատում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: