ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն ակտիվանում է. դեսպանի ուշագրավ հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման, թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Նկատենք՝ վերջին օրերին ակտիվացել են ՌԴ դեսպանի հետ հանդիպումները եւ կրում են գրեթե ամենօրյա բնույթ:

Երեկ ՌԴ դեսպանին հանդիպել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Հունվարի 25-ին շուրջ մեկուկես ժամ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կոպիրկինի միջև: Հաղորդագրության համաձայն, հանդիպման շամանակ շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը:

Իսկ հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր հանդիպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Դեսպանի հետ առաջնահերթ քննարկել ենք հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը։ Քննարկել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել էր նա։

Այսպիսով, ՌԴ դեսպանի հետ հանդիպումները կրում են գրեթե ամենօրյա բնույթ եւ նրա հետ հանդիպում են տարբեր գործիչներ, իսկ օրակարգում գերիների վերադարձի հարցն է:

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս