Նախորդ տարի, համաճարակով, պատերազմով եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ովքե՞ր են նրանք:
Դեռ 2020 թվականին երգիչ Արամեն եւ իր կինը՝ Աննա Թովմասյանը, արտագաղթեցին Մոսկվա, չնայած որ երգիչը նշել էր, թե չի արտագաղթել, պարզապես ժամանակավոր բնակություն է հաստատել այնտեղ:
Իսկ, ահա, ամիսներ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հայտնի զույգերից Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը եւս արտագաղթել են, սակայն զույգը նշեց, որ երկրից պարբերաբար հեռանալը կապված է աշխատանքի հետ:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչուհի Ջուսը եւ վաստակավոր արտիստ Համելետ Գեւորգյանն էին հայտարարել՝ եթե երկրում շարունակվի նման քաոսային իրավիճակը, ապա ստիպված կլինեն աշխատանքի այլ աղբյուրներ փնտրել երկրից դուրս:
Իսկ, օրինակ, դերասան, պատերազմի մասնակից Գեւորգ Գրիգորյանը 2020 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել էր, որ երկրից հեռանալու որոշում է կայացրել: «Կարեւոր չէ, թե ուր…Ներողություն ոչ մեկից չեմ խնդրում։ Իրենք էլ չկան, ումից պիտի խնդրեի… Բարով մնաք…»,-հայտնել էր նա:
Նաեւ խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում կնոջ եւ երեխայի հետ, նույպես արտագաղթել է, սակայն երգիչը հերքել էր տարածված լուրերը:
Իսկ, ահա, դերասանուհի Անի Երանյանը, որը տեւական ժամանակ ապրում էր Մոսկվայում, վերադարձել էր հայրենիք «Շիրազի վարդը» հեռուստասերիալում նկարահանվելու համար, սակայն այժմ դերասանուհին կրկին գտնվում է հայրենիքից հեռու:
Իսկ, օրինակ, դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հղիության վերջին ամիսներին մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվել է նրա որդին, իսկ թե դերասանուհին հայրենիք կվերադառնա, թե ոչ, դեռեւս անհայտ է:
Շոու-բիզնեսում հայտնի ամուսիններ Մանո եւ Սարգիս Գրիգորյանները պատերազմի ավարտից անմիջապես հետո արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ի դեպ, նշենք, որ Սարգիս Գրիգորյանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ակտիվ մասնակցում էր կառավարությանն ուղղված բողոքի ակցիաներին եւ մշտապես հանդես էր գալիս ներկա իշխանությանը քննադատող ելույթներով։
Հուսանք, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները երկրում կփորձեն շուտափույթ կերպով վերականգնել ստեղծված ճգնաժամային իրավիճակը, որպեսզի արտագաղթածները հետ վերադառնան եւ մեր երկրում շարունակեն ստեղծագործել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԱՎԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Բալետի արտիստ եւ մանկավարժ Նիկոլայ Ցիսկարիձեն, պարզվում է, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրելիի՝ ռեփեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի հեռավոր ազգականն է։ Նա այդ մասին հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Պարեր աստղերի հետ» («ՁՈվՓօ րՏ րՉպջՊՈՎՌ») հաղորդման ընթացքում։
Ցիսկարիձեն պատմել է, որ մտադիր է անձամբ խոսել Մանուկյանի հետ եւ պարզել բոլոր մանրամասները։ Ռեփերը պատասխանել է, որ իր տատիկին այդ նորությունը կուրախացնի։
«Եթե շոուն չլիներ, ես երբեք չէի իմանա, որ Դավա անունով բլոգեր կա։ Իսկ երբ իմացա նրա ազգանունը՝ Մանուկյան, ես սկսեցի հետաքրքրվել եւ արդյունքում պարզեցի, որ նա իմ հեռավոր ազգականն է»,- ասել է Ցիսկարիձեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պարեր աստղերի հետ» նախագծի փորձի ընթացքում Մանուկյանը վնասվածք է ստացել։ Նա հիվանդանոցում էր հայտնվել, երբ ուսն էր վնասել։
Հունվարի 22-ին Բուզովան գրեթե երկու տարվա հարաբերություններից հետո հայտարարել է Դավայից բաժանվելու մասին։ Նա Մանուկյանին շնորհակալություն է հայտնել երջանիկ պահերի համար, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ Մանուկյանը «սարսափելի եւ անհասկանալի բաներ է անում»։ Նա Instagram-ում հրապարակել է զուգընկերոջ հետ անվայել նամակագրության հատվածը, որում պնդում էր, որ Դավան ծեծում է իրեն, ինչպես նաեւ թքում է դեմքին ու վիրավորում։
ԱԿՈՒՄԲԻՑ ԿՀԵՌԱՆԱ
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հակված է հեռանալու Արքայական ակումբից: Այս մասին գրում են իսպանական մի քանի ԶԼՄ-ներ: Պաշտպանը լրջորեն մտածում է «Ռեալ»-ի հետ պայմանագիրը չհետաձգելու մասին: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մտադիր է Ռամոսին 15 միլիոն աշխատավարձով պայմանագիր առաջարկել: Ռամոսը հետաքրքրված է Փարիզ տեղափոխվելու հավանականությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ Արքայական ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ռամոսի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հուլիսը: Այս պահին ֆուտբոլիստը եւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռեւս շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Պաշտպանն ուզում է նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի երկու տարով, իսկ «Ռեալ»-ը համաձայն չէ` հաշվի առնելով Ռամոսի տարիքը: 34-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալ» տեղափոխվեց 2005 թվականին:
ՄԱՐԶԻՉ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւի որդի Վլադիմիր Գազաեւը կնշանակվի իտալական «Սիենայի» գլխավոր մարզիչ։ Այդ պաշտոնում ռուս մասնագետը կփոխարինի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյին, որը թիմը գլխավորում էր 2020թ. սեպտեմբերից եւ զբաղեցրած պաշտոնից հեռացել էր այս ամիս: «Սիենայի» նախորդ խաղում Վլադիմիր Գազաեւին տրիբունայում նկատել են ակումբի մենեջերների հետ: Գազաեւը նախկինում գլխավորել է նաեւ ռուսական «Ալանիան», «Ուրոժայը», ղազախական «Ակտոբեն», «Տոբոլը» եւ վրացական «Ռուսթավին»:
Հիշեցնենք, որ «Նոա» հոլդինգը, որը Հայաստանի գործող գավաթակիր եւ փոխչեմպիոն Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է, նախորդ տարվա օգոստոսին ձեռք էր բերել «Սիենա» ակումբը, որը հանդես է գալիս Իտալիայի D Սերիայում:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ
Խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը մարզումային տեսանյութ է հրապարակել եւ կատարել գրառում: «Պատրաստվում եմ մեծ ֆուտբոլում նորամուտին: Ես ազատ գործակալ եմ եւ սպասում եմ առաջարկների: Կքննարկենք դրանք»,- գրել է ռուսաստանցի մարտիկը: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ եւ հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: