«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, եւ, առավել եւս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով եւ նման օրակարգով փորձում է ցույց տալ եւ ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, եւ, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել եւս՝ հայ ռազմագերիների վերադարձը:
Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերեւս ակտիվ, սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:
«ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, եւ անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաեւ պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, եւ դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։