Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Գլուխ եմ խոնարհում Պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:
Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:
Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը:
Հ.Գ. Երեկ Վեդի քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի հերոսներ Դավիթ Ղազարյանի ընտանիքին ու Էդգար Մարկոսյանին փոխանցեցի հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրերով տրված «Ոսկե արծիվ» շքանշանները»: