ՄԵԾ ԲԼԵՖ՝ «ԻՄ ՔԱՅԼ»-Ի ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը խոսեն Աժ լուծարման մասին, եւ ժամանակ ձգվի: Ինչո՞ւ ենք այսպես մտածում. նախ՝ ՀՀ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավորներ լքեցին իշխող խմբացությունը, եւ իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր: Հետեւաբար Սահմանադրության փոփոխությունը ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից: Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի ուշադրությունը, ժամանակ շահել, մինչեւ նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարագելու համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան: Ըստ մեր տեղեկությունների՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում, ու պայքարը պետք է այլ ձեւաչափ տեղափոխել: Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում եւ Երեւանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում եւ մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է: Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում:  Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը եւս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին Ռ. Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ:

 

 

 

Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին: Մարդ, որը իր կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում, որոշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կդառնա, քանի որ իրեն դուր չի գալիս ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Նշենք, որ նա եղել է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդականը: «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքրում է, թե ովքեր են Թովմասյանին խորհուրդ տվել մտնել ՀՀ քաղաքական դաշտ. Ռուսաստանի Դաշնության հայտնի շրջանակնե՞րը, թե՞ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող նրա որդին: Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ հենց Արտակ Թովմասյանից: Օրվա ընթացքում զանգահարեցինք, բայց նորընծա քաղաքական գործիչը չպատասխանեց, հետո մեզ հետ կապվեց նրա մամուլի հարցերով պատասխանատուն, խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր մի քանի հարցերին, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին պարզ դարձավ, որ նորելուկ կուսակցապետը որոշել է մամուլի ասուլիսով հանդես գալ: Փաստորեն, եթե հարցերը չուղարկեինք, ոչ էլ մամուլի ասուլիս կհրավիրվեր: Ամեն դեպքում, ընդգծենք, որ Արտակ Թովմասյանը մեծ կապեր ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ: 2015 թվականի ապրիլին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան Համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգեւատրել, իսկ 2016 թվականի սեպտեմբերին Արտակ Թովմասյանի 50-ամյակին ներկա է եղել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ: Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Արման Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որը հաճախ է խոսում իշխանությունների սխալներից, եւ այդ հանգամանքը թերեւս վերջիններիս դուր չի գալիս: Իշխանական խմբակցությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ վերջինս ինքնակամ հրաժարական տա, հեռանա: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Թաթոյանը: ՄԻՊ-ից հայտնեցին. «Նման խոսակցություններ չենք մեկնաբանում»: Նշենք, որ Թաթոյանը օմբուդսմեն էր ընտրվել 2016թ. փետրվարին՝ ՀՀ Սահմանադրությամբ 6 տարի ժամկետով, այսինքն՝ դեռ մեկ տարի կա մինչեւ ՄԻՊ-ի պաշտնավարման ժամկետի ավարտը: Իսկ, ըստ Սահմանադրության 193-րդ հոդվածի, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

 




Լրահոս