«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո տնտեսությունն անկում է ապրում, եւ շատ բիզնեսներ դժվարություններ են կրում՝ սնանկանում են, արտադրություններն են կանգնեցնում, աշխատողներին ուղարկում են հարկադիր պարապուրդի։ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Մասիս տոբակո»-ն, աշխատակիցներին նստեցրել է տանը։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս հիմնարկում աշխատողների մոտ 80 տոկոսին հարկադիր պարապուրդի են ուղարկել՝ պատճառաբանելով, թե պահանջարկ չկա, ուստի արտադրությունն առժամանակ կանգնեցնում են։
Հիշեցնենք, որ Վարդանյանների ընտանիքն առաջիններից էր, որ իր աջակցությունը հայտնեց հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն այսօր երկրում տնտեսական ճգնաժամն այն կարգի է խորացել, որ նույնիսկ ամենապահանջարկված ապրանքները, ինչպիսին ծխախոտն է, այլեւս սպառող չունեն։
Իսկ «Գրանդ հոլդինգն» այս ընթացքում ոչ միայն սպառման նվազումներ ունի՝ բոլոր ապրանքների գծով, այլեւ իրեն պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փակեց՝ չդիմելով սլոթների համար հայտարարված մրցույթին»: