«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Վերջինս նշեց, որ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 -րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Նա տեղեկացրեց նաև, որ երեկոյան բավական ուշ ժամի խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդությունն արդեն ներկայացրել են դատարան։
«Առաջիկա ժամերին, կարծում եմ, նիստը կկայանա։ Ես և պարոն Բադասյանը մեղադրանքի հետ համաձայն չենք և դատական նիստի ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք, և առավելապես քաղաքական հետապնդման ենթատեքստ ունի։ Ես չեմ բացառում, որ Եռաբլուրում հայտարարությունն անելու պահին լրատվամիջոցների հետ զրույցի պահին լարված կամ հուզական վիճակ էր իր մոտ, բայց կան նաև բազմաթիվ այլ գործոններ ու հանգամանքներ, նաև փաստեր ու տվյալներ, որոնք այս պահին չեմ կարող բացահայտել, սակայն դրանք ներկայացնելու ենք դատական նիստի ժամանակ եւ հույս ունեմ, որ դատարանի կողմից հաշվի կառնվեն ու պարոն Բադասյանը ազատության մեջ կլինի ու ինքը կպատասխանի հարցերին»։
Հիշեցնենք, որ երեկ Վահան Բադասյանը հրավիրվել էր ԱԱԾ այն բանից հետո, երբ Եռաբլուրում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ «Եթե չի հեռանում՝ կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։