Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները: Փաստորեն սա խնդիր է առաջացրել ինքնակամ շինությունների օրինականացման հետ կապված:
Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ բոլոր այն անձինք, որոնք ինքնակամ շինությունների օրինականացման համար դիմում կներկայացնեն մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը, ապա դրական որոշման դեպքում կգործեն նախկին (ավելի ցածր) կադաստրային արժեքները:
Ավելին, պարզվում է, որ ովքեր արդեն դիմել են ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, կարող են հանգիստ լինել. անկախ որոշումը կայացնելու պահից՝ նրանց համար կիրառվելու են նախկին կադաստրային արժեքները (լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի):
Մարդիկ լսելով այս հայտարարությունը շտապել են «Մեկ պատուհան»: ArmLur.am-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը վրդովված նկատեցին, որ կազմակերպչական հարցերում քաղաքապետարանը թերացել է, քանի որ իրենք գալիս են ժամերով կանգնում են եւ տեղյակ չեն, թե երբ է իրենց հերթը գալու: Սա դեռ ամենը չէ. պարզվում է քաղաքացիները խիստ վրդովվել են այն բանից, որ այս հարցով կարող էին օնլայն տարբերակով դիմել, սակայն այդ մասին չգիտես ինչու` քաղաքապետարանը լռել է:
Սյունէ Համբարձումյան