ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի ինքնալուծարման հարցի վերաբերյալ:

-Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նիստ են ունեցել, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանի լուծարման հարցը: Այսինքն՝ պատգամավորները որոշել են, որ պետք է գնալ ինքնալուծարման եւ նոր անցկացնել արտահերթ ընտրություններ: Ձեզ համար սա ընդունելի՞ քայլ է:
-Դա իրենց որոշելիքն է. եթե իրենք որոշել են սահմանադրության կետ փոխել, ապա պետք է հասկանալ, թե նպատակը որն է: Գուցե մամուլով հանդես գան, թե իրենց նպատակը որն է, քանի որ, ինչքան ես եմ տեղյակ, դեռ քննարկման փուլում է: Քննարկելուց հետո որոշում կայացնեն, որ այդ ճանապարհով գնում են, ապա, խնդիր չկա: Թող պարզաբանումներ տան, նոր հասկանալի կլինի:
-Այսինքն՝ այս միջոցով իշխանությունն ուզում է ասել, որ դա միակ տարբերակն է. վարչապետը հրաժարական չի ներկայացնելու, եւ իրենք այս տարբերակն են ընտրում, այլ ոչ այն, ինչն առաջարկում է ընդդիմությունը: Սա չի՞ նշանակում, որ իսկապես աթոռակռիվ է սկսվում:
-Հիմա փորձեր են ընթանում, որովհետեւ մինչ այս տարբեր ընդդիմադիր ուժերի հետ էր հանդիպումներ կայացնում, որպեսզի գնային արտահերթ ընտրությունների: Նախ տեղյակ չեմ, թե այդ քննարկումներն ու հանդիպումներն ինչի բերեցին մեզ, ինչ արդյունք ունենք: Միգուցե սա էլ երկրորդ փորձն է: Համենայսդեպս տարբեր ճանապարհներ փորձարկում են:
-Պարո՛ն Աթաբեկյան, այս ժամանակահատվածում հանրության, ժողովրդի հետ հանդիպումներ ունեցե՞լ եք, ինչպիսի՞ դիրքորոշում ունեն իշխանությունների մասին: Օրինակ՝ երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցումն էր հրապարակվել, որտեղ, իբրեւ թե, Նիկոլ Փաշինյանը շատ քիչ ձայների տոկոս էր հավաքել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք, արդյոք վարչապետի վարիկանիշն այս պահի դրությամբ ընկա՞ծ է:
-Վարչապետի վարկանիշը դեռ հասկանալի չէ: Ես բազմիցս նշել եմ, որ ժողովրդի մի մասը շոկի մեջ է, մի մասը խորը հիասթափություն է ապրում, եւ իրենց չի հետաքրքրում՝ ինչ կկատարվի: Եթե ընդդիմադիր ուժերի մեջ միջին մարտավարություն ունեցող ընդդիմադիր ուժ լինի, վստահ եմ, որ այդ շոկից ժողովուրդը դուրս կգա ու կսատարի այդ ուժին, քանի որ գործող իշխանության կատարած սխալները բավական են, որ միջին մարտավարություն ունեցող ընդդիմության մոտ ստացվի իրենք ուզածին հասնել:
-Օրինակ՝ Վազգեն Մանուկյանն է այս պահին շրջում մարզերում: Ըստ Ձեզ՝ նրա վարկանիշը բա՞րձր է:
-Ինձ թվում է, որ Վազգեն Մանուկյանը մի քանի սխալ թույլ տվեց. պետք չէր մարդկանց ամբոխի առջեւ կանգնել ու վրդովմունք արտահայտել, հայհոյանքներ հնչեցնել թե՛ պատգամավորների եւ թե՛ վարչապետի հասցեին: Իմ կարծիքով՝ Վազգեն Մանուկյանն իր սխալները կվերանայի ու կհասկանա, թե ինչու բազմությունը մի պահ շատացավ, իր կողքին եղավ, ապա մարեց:
-Այսօր (երեկ-խմբ.) Վ. Մանուկյանը հայտարարել է, որ սահմանադրական ճանապարհով եթե չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության: Սա չի՞ նշանակում, որ ընդդիիմությունն էլ պատրաստ է ինչ-որ կոնկրետ քայլեր իրականացնել իր նպատակին հասնելու համար, թեկուզ բռնի ուժով:
-«Բռնի» բառն է այդտեղ մի քիչ խեղաթյուրում, բայց ապստամբությունը, ինձ թվում է, թույլատրելի տարր է: Չգիտեմ, թե իրենք ինչի կարող են հասնել: Համենայնդեպս, ապստամբություն անելու համար նույնպես ժողովրդի աջակցությունն է պետք: Իմ կարծիքով՝ ավելի մարտավարական ու ճիշտ քայլեր ձեռնարկեն, ճիշտ երկխոսեն ժողովրդի հետ, ավելի մեծ արդյունքի կհասնեն:

 

 

ԱԺ-Ն ԿՏԱՆԵՆ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանական խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը ցրվի, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչեւ այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները:

Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թե՛ փակ հանդիպումների ժամանակ, թե՛ բաց հայտարարել է, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է, ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձեւեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանական հատվածն առաջարկում է դա անել Սահմանադրական փոփոխություններ միջոցով, ըստ այդմ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Ի դեպ, նշենք, որ օրերս դրա մասին Armlur.am-ի հետ զրույցում խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրատեսական է այժմ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը խմբակցությանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի՝ իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները պատրաստվում են օրենքների փոփոխությունների միջոցով հասնել ԱԺ-ի ցրմանը, քանի որ նրանց չի հաջողվում բանակցությունների միջոցով հասնել իրենց նպատակին:
Չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը թերահավատորեն է վերաբերվում այն հանգամանքին, որ Հովակիմյանին կհաջողվի նախագիծն այնպես մշակել, որ Սահմանադրական խնդիրներ չառաջանան, բայց, այնուամենայնիվ, խմբակցությունում փորձել են ձեւաչափեր փնտրել արդյունք ունենալու համար:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Մոսկվայում այսօր նախատեսված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների փոխվարչապետերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է տրանսպորտային ճանապարհների կառուցման հարցը: Ճանապարհների ապաշրջափակումը եռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն էր: Ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաեւը. փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Կողմերը պայմանավորվել էին բանակցությունների այդպիսի ֆորմատ ստեղծել հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը: Փոխվարչապետերի մակարդակով հանդիպման հիմնական խնդիրն է հասկանալ, թե ինչ է պետք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համար:
Փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի ծրագիր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջեւանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ռուսաստանը: Հիմա Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միայն առկա է ավտոճանապարհ: Ադրբեջանն արդեն իր տարածքում սկսել է երկաթգծի կառուցումը: Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ իր երկրին պետք է երկու տարի, որպեսզի ճանապարհ կառուցի Հորադիզից Զանգելան:

 

 

ԵԽԽՎ-Ի ԿՈՉԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության կետերը: Այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների կապակցությամբ, ինչպես նաեւ այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական եւ մշակութային հուշարձանների նկատմամբ:




Լրահոս