ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ 17 ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան: Ըստ մեր տեղեկությունների՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում, ու պայքարը պետք է այլ ձեւաչափ տեղափոխել: Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում եւ Երեւանում գաղտնի հարցումներ են իրականացրել մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է: Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում:  Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը եւս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար: «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին, թե ոչ, բայց չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ:

Արարատի մարզի Արարատ քաղաքում երեկ ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հերթական մարզային հանդիպումը:

17 ընդդիմադիր ուժերի միավորմամբ ձեւավորված «Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Վազգեն Մանուկյանը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, նա ընդգծեց՝ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետի հեռացմանը, ապա կդիմեն ապստամբության. «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով ենք գնում, ուզում ենք դուրս վռնդենք Նիկոլ Փաշինյանին. եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել: Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետեւ սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է. կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածուն պարզաբանեց իր հայտարարությունը՝ նշելով, որ ապստամբություն ասելով՝ ի նկատի է ունեցել շենքերի գրավումը՝ առանց բռնություն գործադրելու. «Շենքեր գրավելը եւ զոռով իշխանությունը փոխելը, իհարկե, առանց ֆիզիկական բռնության»:

Լրագրողների հարցին՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի մեթոդները գործադրել է պետք իր դեմ, Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, բայց ինքը օգտագործել է մեթոդը շատ կեղտոտ ձեւով, այդ մեթոդներն աշխարհում ընդունված են»:

Իսկ մինչեւ հանդիպման մեկնարկը լարված իրավիճակ էր, հավաքվել էին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, եւ ընդհարումներ տեղի ունեցան երկու կողմերի միջեւ, հնչեցին վիրավորանքներ:

Ն.Հ.

 

 

 

ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

 

 

 

ԱՆՀՆԱՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

«Թեեւ դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է», – հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ ԼՂ նախագահը շեշտել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու եւ արարելու:

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԻ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են. «Մեծ տոնական միջոցառումներ չեն լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: Բավարարվելու ենք ընդամենը զորամասերում եւ զորամիավորումներում միջոցառումներով»: Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը:

 

 

 

ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆ

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը այսօր ժամանելու է Երեւան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:

 

 

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: «Պատերազմական գործողությունների հետեւանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների եւ Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ 1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների եւ Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները»,- ասել է փոխնախարարը:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ

Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։ Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա: Նկատենք՝ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանի իշխանությունները մտահոգված են նաեւ այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։ Ըստ իրանական փորձագիտական շրջանակների՝ ամենամեծ անհանգստությունը թերեւս Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջանների՝ Թեհրանի դեմ հնարավոր թշնամական գործողությունների հարթակ դառնալու հավանականությունն է, մասնավորապես՝ Բաքու-Թել Ավիվ ջերմացման ֆոնին։

 

 

ՉԻ ԳՈՐԾԵԼ

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ» բաժինը տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Տեղեկացնենք, որ այս բաժինը գործում էր 2015թ. սեպտեմբերի 11-ից. այստեղ առցանց հարցման եղանակով քաղաքացիները կարողանում էին ստուգել ավտոմեքենայի իրենց նախընտրած համարանիշի առկայությունը եւ ծանոթանալ գներին: Պարզապես պետք էր ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետեւ մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում եւ սեղմել «Ստուգել առկայությունը»: Բայց ArmLur.am-ին դիմած քաղաքացիները տեղեկացրին, որ արդեն մի քանի օր է, ինչ փորձում են մուտք գործել, սակայն ապարդյուն. տվյալ բաժինը չի գործում, հնարավոր չի լինում մուտք գործել: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է: Եւ մեր կողմից խնդիրը ոստիկանություն փոխանցելուց հետո բաժինը վերականգնվեց: Հուսանք՝ այն դարձյալ անհասանելի չի դառնա վարորդների համար:

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007թ. նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016թ.  հոկտեմբերի 27-ին լրացումների եւ փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեին 60 000-8 000 000 դրամ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016թ. նոյեմբերի 14-ից նվազել էին, սակայն հետագայում սակագները բարձրացվել են, եւ նորից շրջանառության մեջ էին դրվել 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերը: Դրանք, այսպես կոչված, «գոլդ» համարանիշներն են՝ նույն թվերից կազմված:

 




Լրահոս