«ԱՌԱՋ ԿԳԱՆ ՎԵՃԵՐ ՈՒ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ». ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ընդգծում է, որ արխիվային փաստաթղթերից ակնհայտ է՝ եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ:

 

«1923թ. արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչեւ Իրանի սահման ու Մռավից մինչեւ Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին: Այդ ժամանակաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար:

Օրինակ` Կարմիր Քուրդիստանի եւ ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջեւ սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի (ԿԳԿ) որոշմամբ 1923թ. հոկտեմբերին ձեւավորվեց հանձնաժողով: Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով:

Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ եւ այլն:

ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924թ. մարտ ամսվա արխիվային նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա:

Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926թ. ձեւավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաեւ Ակսել Բակունցը, ով մասնագիտությամբ հողաշինարար էր, ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաեւ պարզ դառնում՝ հայ գյուղացիներն են հիմնականում տուժող կողմը եղել, նրանց իրավունքները հաշվի չեն առնվել:

Ա. Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումները այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջեւ կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի (ասենք՝ կապը Կապանի հետ. այդ ժամանակ գյուղացիների մոտ 50%-ը աշխատում էր Կապանի պղնձի հանքերում եւ այլն) կարեւորությունը, առանց այն էլ սակավահողությունը:

Օրինակ՝ Մեղրու եւ Զանգելանի միջեւ սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արեւմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարեւորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու եւ Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի, շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու:

Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարեւոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաեւ տնտեսական իրավունքների տեսանկյունից:

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել եւս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում՝ խաղաղ բնակիչների անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ:

Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որեւէ իրավունքի խախտում»,- նշել է Արման Թաթոյանը:

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՈՎ

Փետրվարի 2-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս փաթեթով մի շարք փոփոխություններ են նախատեսված:

 

Նախ, նախագծով ամրագրվելու է, որ մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացվելու է քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, դատավորների թվակազմի ավելացում ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում, մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը կվերապահվի ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին:

Իսկ ինչո՞ւ է արդարադատության նախարարությունը նման նախագիծ ներկայացրել. դատական իշխանության պաշտոնական կայքում առկա վիճակագրական տվյալները փաստում են, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երեւան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում: Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարացնելու եւ կալանքի վերահաստատման մասին միջնորդությունները կազմել են Երեւան քաղաքում 2.193, մարզեր՝ 1.213, խուզարկության կատարման մասին միջնորդությունները՝ Երեւան քաղաքում՝ 3.005, մարզերում՝ 2.298: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջնորդությունների այսպիսի թիվը ոչ միայն առաջացնում է գերծանրաբեռնվածություն, այլեւ չի ապահովում տվյալ միջնորդությունների քննության արդյունավետությունը եւ նշված հարցերով մասնագիտացումը:

Բացի այդ, Արդարադատության նախարարությունը մեկ այլ խնդիր է բարձրացնում. այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին  խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից: Եվ, ահա, հաշվի առնելով քննվող քրեական գործերի ընդհանուր վիճակագրական տվյալները եւ հարաբերակցությունը առանձին գործերի հետ՝ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել նաեւ քրեական մասնագիտացման նոր դատավորներով:

Ն. Հ.

 

 

 

1456 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի եւ հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության եւ մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր եւ եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաեւ 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաեւ Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում եւ հրադադարից հետո արձանագրված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր՝ ներառյալ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման եւ մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը եւս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:

Վերհանված դեպքերի եւ հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա:

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու առկա իրական վտանգները՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

 




Լրահոս