Իրանական Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմի եւ դրա հետեւանքով տարածարջանում ձեւավորված նոր աշխարհակարգի մասին:
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ երկու երկրները նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Եռկաողմ հայտարարության կնքմամբ ավարտվեց ավելի քան 6 շաբաթ տեւած պատերազմը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց երկու կողմերից էլ, ինչպես նաեւ առաջ բերեց նոր մտահոգություններ Լեռնային Ղարաբաղի ապագայի եւ ավելի լայն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վերաբերյալ», – ասված է հոդվածում:
Չնայած նոյեմբերյան գործարքը, ըստ հոդվածագրի, ողջունելի է տարածաշրջանի երկրների կողմից՝ որպես դրական տեղաշարժ խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում, այնուամենայնիվ այն տարածաշրջանի որոշ երկրներում տարակուսանք եւ մտահոգություններ է առաջացրել, որոնք պետք է հնարավորինս արագ լուծվեն:
Վերոնշյալ համաձայնագրով Հայատանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահ առաքելություն տեղակայել: Բացի այդ, ըստ համաձայնագրի՝ որոշվել է Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ կառուցել Հայաստանի հարավային հատվածով:
Խոսելով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի մասին` հեղինակը նշում է, որ հայտնի չէ, թե նոր տրանսպորտային կապերը որտեղ եւ երբ են հաստատվելու. «Արդյոք դրանք կկառուցվե՞ն Հայաստանի հետ Իրանի սահմանի մոտ: Եթե այո, ապա դրանք ինչպե՞ս կանդրադառնան Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանային տեղաշարժի վրա»:
Հոդվածագրի պնդմամբ՝ այս անորոշությունն իրանցի պաշտոնյաների նկատմամբ հասարակական կարծիքի ճնշման պատճառ է դարձել: Բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են մեղմել մտահոգությունները` ասելով, որ Իրանի կառավարությունը կպաշտպանի երկրի ազգային շահերը:
Կիրակի երեկոյան Բաքու հասնելուն պես Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ տարանցիկ ուղիներին վերաբերվող հարցերը:
Այցելության ընթացքում Զարիֆը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց հետ քննարկել է արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ ճանապարհներին վերաբերող հարցեր. նշել է հոդվածագիրը: Հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը` հոդվածագիրը նշել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Հայտարարության մեջ նշվել է, որ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են բացվել, այդ թվում` տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքների զարգացման հեռանկարներ:
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Թե՛ արտակարգ դրության ժամանակ, թե՛ ռազմական դրության ժամանակ կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնց բաղկացուցիչ մասը լրատվամիջոցների գործունեության նկատմամբ սահմանափակումներն էին: Այդ սահմանափակումները անհամաչափ էին եւ իրենց նպատակին չհասան: Այս մասին հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ անհասկանալի էր նաեւ այն, որ պատերազմի եւ կորոնավիրուսի ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու բեռը դրված էր ոստիկանության ուսերին, սակայն նույն ժամանակ որեւէ հստակ հիմնավորում չէր նշվում: «Պատերազմի ընթացքում 13 լրատվամիջոց տուգանվել է 700 հազար դրամի չափով, մեկ դեպքում նույնիսկ 1 մլն 500 հազար դրամով, քանի որ հրապարակումը չէր հեռացվել: Իսկ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը 32 ծանուցում է ուղարկել հրապարակումներ հեռացնելու վերաբերյալ»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ նախորդ տարիների համեմատ՝ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը շատ մեծ է եւ ընդհանուր թիվը 273-ն է՝ ներառելով թե՛ ֆիզիկական ճնշումները, թե՛ հրապարակումներն արգելելու դեպքերը, թե՛ մնացյալ բոլոր ճնշումները:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ 2020 թվականի համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ 2021թ. փետրվարի 1-ը: «Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձեւատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով: «Օրինակ` չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Սակայն հարկման մյուս համակարգերի համար սահմանված դրույքաչափի փոխարեն աշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով են հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից՝ 5000 դրամի չափով»,-ներկայացնում է ՊԵԿ-ը: 2020 թվականին գրանցվել է մոտ 40 000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց մեծ մասն իրենց աշխատանքով ինքնուրույն ապահովված անձինք են, եւ ընդամենը 22 000 վարձու աշխատող է ընդգրկված համակարգում: Արտոնյալ համակարգում գործելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է մինչեւ փետրվարի 20-ը ներկայացնել հայտարարություն բացառապես էլեկտրոնային եղանակով: Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարություն պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո` 20 օրվա ընթացքում»:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄՆԱԼ
Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ: Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ: Բարձր է նաեւ եվրոյի փոխարժեքը. ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առեւտրային բանկերում եվրոյի առքի առավելագույն գինը կազմում է 623-624 դրամ է, իսկ վաճառքինը՝ 634-638 դրամ: Այսինքն առքի ու վաճառքի միջեւ տարբերությունը կազմում է մինչեւ 15 դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տարադրամի փոխանակման կետերում պատկերն այլ է. այստեղ դոլարի առքի առավելագույնը գինը կազմում է 516-517 դրամ, վաճառքինը՝ 518 դրամ: Իսկ եվրոյի առքի գինը տարադրամի փոխանակման կետերում այսօրվա դրությամբ կազմում է 625 դրամ, վաճառքինը՝ 629 դրամ: Այսինքն՝ ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի դեպքում էլ առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը չնչին է, իսկ բանկերի դեպքում՝ զգալի: Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ»-ում եվրոյի առքը այսօրվա դրությամբ կազմել է 619 դրամ, իսկ վաճառքինը՝ 637 դրամ, տարբերությունը կազմել է 18 դրամ, «Արցախբանկ»-ում տարբերությունը 10 դրամ է՝ առքը՝ 624, վաճառքը՝ 634 դրամ: Հուսանք՝ բանկերը չեն փորձում իրավիճակն օգտագործել իրենց օգտին:
Եթե ուշադրություն դարձրել եք, այն ապահով շրջանում տարբերությունը 3-4 դրամ է եղել, հիմա մի քիչ շատ է: Բնականաբար, պետք է Կենտրոնական բանկը դրա մասին մտածի, գուցե պետությունը բանկերին կոչով դիմի, որ բանկերն այստեղ ոչ թե եկամուտ, շահույթ լրացուցիչ կորզեն, այլ չնչին եկամուտով աշխատեն հանուն պետության, որովհետեւ պետությունն ու հանրությունն այս պահին աջակցության կարիք ունեն։ Բայց, մյուս կողմից, Հայաստանում դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ:
Ըստ մասնագետների՝ պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Ավելին, հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է. վերջին ամիսներին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: ArmLur.am-ը տարադրամի փոխանակման կետի աշխատողից հետաքրքրվեց՝ քաղաքացիների շրջանում արհեստական խուճապ կա, թե ոչ: Տեղեկացնենք, որ մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստումը եւ այդ հիվանդությամբ վարակված մարդկանց թվի նվազումը կարող է կենդանացնել աշխարհում տնտեսությունը, ինչը դրական կազդի նաեւ փոխարժեքի շուկայի վրա։
Ս. Հ.