ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 5,79 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տավուշի մարզի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատման եւ դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության անտառապահին 5մլն 790 հազար դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունց ելնելով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելով, Տավուշի մարզի բնակիչներին թույլատրել է տարբեր պահաբաժիններում իրականացնել ապօրինի ծառահատումներ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում ապօրինի հատվել է ընդհանուր 102 հատ տարբեր տեսակի եւ տրամագծի ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 10 117 500 ՀՀ դրամի վնաս։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի»  անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը պատշաճ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ չի իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ եւ հսկողություն ապօրինի անտառհատումների եւ ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում չի կազմել համապատասխան անտառխախտման արձանագրություններ եւ չի ներկայացրել անտառապետին, չի ստուգել բնափայտի մթերման եւ այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը եւ հսկողություն չի սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անտառապահը Տավուշի մարզի վեց բնակիչների թույլատրել է իր պահպանության տակ գտնվող պահաբաժնի անտառամասերում կատարել ապօրինի ծառահատումներ, փայտանյութի ապօրինի պատրաստում ու անտառից տեղափոխում եւ նրանց կողմից իր թույլտվությամբ արդեն կատարված այդ իրավախախտումները իր կողմից օրինական ընթացակարգով չարձանագրելու, որպես պաշտոնատար անձ իր պաշտոնեական լիազորությունները չկատարելու դիմաց նրանցից պահանջել եւ մաս-մաս անձամբ ստացել է տարբեր չափերի, ընդհանուր առմամբ 5մլն 790 հազար դրամ կաշառք, ինչի շուրջ նախօրոք ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Նշված անձանց կողմից անտառ գնալու, ծառահատումների եւ փայտանյութի ապօրինի պատրաստման եւ տեղափոխման մասին տեղեկացված լինելով՝ անտառապահը նրանց նախապես տեղեկացրել է անտառում ստուգում իրականացնողների առկայության մասին՝ արգելելով նրանց գնալ անտառ, երբեմն նրանցից պահանջել է թաքցնել անատառահատման մասին վկայող հետքերը, նրանց է տվել իր մոտ եղած կնքամուրճը վերջիններիս կողմից հատված ծառերի կոճղերը կնքելու համար։

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Տավուշի մարզի վեց բնակիչներին՝ ծառերի ապօրինի հատման, դրանք առանց թույլտվության տեղափոխելու եւ տարբեր չափերի կաշառք տալու համար: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹՎԵՐ

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, առողջացել է  472 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 1938 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 639 482-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 232 դեպք, որոնցից 155 404-ը` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 758 է: Իսկ, ահա, Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են։ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Ըստ նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

 

 

ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 202թ. հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առեւտրային ցանցերին պատկանող առեւտրի օբյեկտներում։ Մասնավորապես, «Նոր Զելանդիա» կարագի գինը բարձրացել է շուրջ 6%-ով՝ 3 610 դրամից հասնելով  3 830 դրամի, իսկ «Անքոր» կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով  4 460 դրամի:

Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ «Նոր Զելանդիա» կարագի ձեռք բերման գինը 2020թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում բարձրացել է շուրջ 6 %-ով, իսկ «Անքոր» կարագի ձեռք բերման գինը 2020թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում նվազել է շուրջ 7 %-ով:

2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ  շուրջ 4%-ով:

Դիզելային վառելիքի թանկացմամբ եւ սեզոնայնությամբ պայմանավորված՝ բարձրացել է բեռնափոխադրման ծառայության արժեքը:

2021 թվականի հունվարի 20-ի դրությամբ հանձնաժողովն արձանագրել է կարագի իրացման մանրածախ գնի նվազում, մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը նվազել է շուրջ 9 %-ով՝ 1 կգ համար կազմելով 3 420 դրամ, իսկ «Անքոր» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը՝ շուրջ 5,4 %-ով՝ կազմելով 4 220 դրամ: Վերջինիս պարագայում իրացման գնի նվազումը կարող է վկայել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ցածր գնով ձեռք բերված կարագը շուկայում իրացվում է 2020 թվականի հունվարի 20-ից, իսկ մինչ այդ իրացվել են ավելի բարձր գնով առկա պաշարները:

 

 




Լրահոս