ՌԴ ԴԵՍՊԱՆՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին  մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, եւ, առավել եւս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով եւ նման օրակարգով փորձում է ցույց տալ եւ ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, եւ, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել եւս՝ հայ ռազմագերիների վերադարձը: Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերեւս ակտիվ, սակայն սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության  հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել: «ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել  է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, եւ անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաեւ պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, եւ դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են: Բանն այն է, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու: Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ապա ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու: Հիշեցնենք, որ երբ խմբակցությունը լքել էր Վարդան Աթաբեկյանը, Սիմիդյանն անձամբ էր գնացել նրա տուն գիշերը մի քանի մեքենաներով՝ ռազբորկայի, ու, ըստ իմքայլականների, նման հեռանկարներ առաջիկայում շատ են լինելու, եթե նրա լիազորություններն ընդլայնվեն: Խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի։ Կոնֆլիկտային է դիտարկվում նաեւ Արփի Դավոյանը, որն անձնական վրեժ լուծելու օրինակներ է ցույց տվել խմբակցությունում, հետեւաբար նրան եւս թիմում անընդունելի թեկնածու են համարում այս պահին։

 

 

 

Փետրվարի երեքին Ազգային ժողովում գումարվելու է արտահերթ նիստ, օրակարգում երկու հարց է՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:  Դատական օրենսգրքի փաթեթն ամենաշատ քննարկվածներից մեկն է եւ նաեւ հասցրել է ենթարկվել քննադատության: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ նախագիծը: Նախատեսվում է ավելացնել ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ քսանմեկ դատավորով է ավելանալու դատավորների թիվը, իսկ  Վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով: Այսինքն՝ այս նախագծերի փաթեթների ընդունման պարագայում 24 դատավորի հաստիք է ավելանալու, որն էլ իր հերթին նոր ծախսերի է հանգեցնելու: Բանն այն է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ, իսկ  Վերաքննիչ դատարանում աշխատավարձերն համեմատաբար ավելի բարձր են. այս դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 92 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Հիշեցնենք՝ 8 մլրդ դրամ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար էր նախատեսվել: Ստացվում է՝ արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն այլ շռայլ ծախսեր են կատարվում: Թե որքանով են այս ծախսերն արդարացված, դժվար է ասել հետպատերազմական Հայաստանում, որտեղ ունենք հազարավոր անօթեւաններ, զոհվածների անպաշտպան ընտանիքներ, վիրավոր, հաշմված զինվորներ։

 

 

 

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող  գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ  աճուրդի չի հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ.  «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ: Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել եւ աշխատեցնել առայժմ, մինչեւ հետագայում ցույց կտա ժամանակը:  Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում եւ չեն բացառվում»:  Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, եւ քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը: Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթեւան։




Լրահոս