ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼԵՖԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանում տիրող իրավիճակին, հնարավոր ներքաղաքական զարգացումներին: Խոսելով իշխանությունների նոր մտադրության մասին, ըստ որի՝ պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն՝ Շարմազանովը նկատեց, թե Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական բլեֆի:

 

-Պարո՛ն Շարմազանով, իշխանությունները, կարծես թե, ելքեր են փնտրում խորհրդարանը ցրելու համար, եւ քննարկել են նաեւ ինքնալուծարման տարբերակը: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում այս պահի դրությամբ:

-Սահմանադրությունն արտահերթ ընտրությունների համար շատ հստակ կանոնակարգ է սահմանում՝ վարչապետի հրաժարական երկու անգամ, վարչապետը չի ընտրվում, եւ խորհրդարանը ցրվում է, ինչպես դա եղավ 2018 թվականին, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, եւ մենք նոր վարչապետ չընտրեցինք: Մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական բլեֆի: Նախ՝ նա ցույց է տալիս, թե պատրաստ է գնալ ընտրությունների, բայց, միեւնույն ժամանակ, վախենում է հրաժարական տալ, քանի որ քաջ գիտակցում է, որ իր հրաժարականի դեպքում իր ֆրակցիայի մի մեծ մասը արժանապատիվ քվեարկություն կիրականացնի եւ կընտրի նոր վարչապետ: Այսինքն՝ նա կրկին ցույց է տալիս, որ իր անձնական, աթոռապաշտական, փոքր շահերը գերադասում է պետության շահերից: Ինչո՞ւ եմ ասում. եթե նա պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, թող հրաժարական տա: Սա իրավական ու քաղաքական «ժուլիկություն» է անում, բայց, կրկնում եմ, նրա բլեֆներն ունեն սահմանափակ հետուորդներ: Բայց այս պարտությունը, կապիտուլյացիան, որ բերել է ինքը, անհետեւանք չի մնալու: Այսօր մենք ազգովի լինելու, հայտնվելու ենք անդունդում: Ինքը ինչ ասել է, եղել է հակառակը, եւ դա անհետեւանք չի մնա: Նրա քայլերի արդյունքում ոչ մեկ մեզ հետ հաշվի չի նստում:

-Նույն իշխանությունն ասում է, թե անգամ ընդդիմությունը չգիտի, թե ինչ է ուզում: Ընդդիմության օրակարգում ի՞նչ հարցեր կան:

-Նախ՝ ասեմ, որ Հայաստանում իշխանություն չկա, նրանք իշխանավորներ չեն: Ի՞նչ իշխանություն, դուք իշխանություն որտե՞ղ եք տեսել, նրանցից քանի՞սն են գերիների հարցով զբաղվել, Հայաստանի շահերը պահպանել, էտ ո՞ւր են: Ես 2016 թվականին պատգամավորներ եմ բերել Հայաստան, նույնիսկ Արցախ, ու ոչ միայն ես, այլ նաեւ մեր ընկերները: Նրանք կարողացե՞լ են մեկի հետ զրուցել, մարդ բերել: Հայաստանում չկա իշխանություն, գոյություն չունի, մարդիկ չգիտեն, թե ում դիմել: Ի՞նչ իշխանության մասին է խոսքը, եթե մարդիկ չգիտեն, թե ում դիմել, GPS-ով հայրենիք են գծում: Ես Սոթքում միայն տեսել եմ Թագուհի Թովմասյանին եւ մի քանի այլ պատգամավորների. բա ո՞ւր էին իշխանավորները: Հենց դա էլ ապացուցում է, որ Հայաստանում իշխանություն չկա: Ամեն ինչին չափ ու սահման կա: Իրենց թիմակիցներից մեկն ասաց՝ ես հպարտ եմ, որ Փաշինյանի թիմակիցն եմ: Հետաքրքիր է՝ ինչով եք հպարտ: Հպա՞րտ եք, որ ինչ ասես, թուրքերը մեզ ասում են, վիզը ծուռ՝ բարեւում է Ալիեւին: Իհարկե, պարտվելն էլ է մարդու համար, բայց դա էլ պետք է արժանապատվորեն տանել: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության օրակարգին, ապա այն բազմաշերտ է: Հստակ ասեմ, որ նոյեմբերի 8-ին արդեն ներկայացրեցինք Նիկոլ Փաշինյանի հրաժարական-պահանջը: Մինչեւ այդ մենք առաջարկեցինք օպերատիվ շտաբ ստեղծել՝ տարբեր գործիչներից բաղկացած, որոնք կապեր ունեն եւ կարող են օգտակար լինել: Սակայն հզորագույն գեներալները, որոնք փայլուն մարտական ուղի են անցել, նրանք բունկերում տեղ չունեին. վարչապետի մտերիմներն էին բունկերում:

-Ընդդիմությունը կո՞ղմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը:

-Ընդդիմությունը շատ հստակ դրել է իր պայմանները: Մենք դեմ չենք արտահերթ ընտրություններին, այլ, հակառակը, նույնիսկ ասում ենք, որ կողմ ենք, բայց ասում ենք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, եւ նոր միայն ընտրություններ լինեն: Փաշինյանը իրավունք չունի ղեկավարել երկիրը, քանի որ խաբել է երկուսուկես տարի եւ նաեւ պատերազմի 44 օրերը: Նա անգամ վերջին օրը խաբեց եւ ասաց, թե Շուշիի համար մարտեր են ընթանում: Ասաց, թե երեք միլիոն վարչապետերին պետք է ներկայացնեմ իրավիճակը, բայց մի օր ճիշտ չզեկուցեց իրավիճակը, հետեւաբար նա ոչ մի իրավունք չունի ղեկավարել երկիրը, նա պետք է հեռանա: Ինքն իշխանություն չունի եւ չի կարող Հայաստանի շահերը ներկայացնել բանակցություններում: Նա այնքան քաղաքական կոռեկտություն պետք է ունենա, որ երեք երկրների նախագահների հանդիպումից հետո դիմում գրեր եւ հեռանար: Մենք առաջարկում ենք, որ գա պրոֆեսիոնալների կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Նա կարող է խնդիրները լուծել, եւ մի տարի հետո գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՌԴ ԴԵՍՊԱՆՆ ԱԿՏԻՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է

Երեկ   Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման, թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Նկատենք՝ վերջին օրերին ակտիվացել են ՌԴ դեսպանի հետ հանդիպումները եւ կրում են գրեթե ամենօրյա բնույթ:

 

Հունվարի 26-ին ՌԴ դեսպանին հանդիպել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին եւ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Դեսպանը կարեւոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջեւ դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Հունվարի 25-ին շուրջ մեկուկես ժամ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կոպիրկինի միջեւ: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը:

Իսկ հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր հանդիպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Դեսպանի հետ առաջնահերթ քննարկել ենք հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը։ Քննարկել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները եւ հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Այսպիսով, ՌԴ դեսպանի հետ հանդիպումները կրում են գրեթե ամենօրյա բնույթ, նրա հետ հանդիպում են տարբեր գործիչներ, իսկ օրակարգում գերիների վերադարձի հարցն է:

 

 

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Մանկական կերերի շուկայում իսկական քաոս է. գները շեշտակի բարձրացել են: Ներմուծող ընկերությունները մեղքը բարդում են եվրոյի բարձր փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ «Nutrilon» կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել է՝ դառնալով 5850 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200 դրամով: Թանկացել է նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի «Hipp» մանկական կերերը: Տեղեկացնենք, որ «Nutrilon»-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից: Ի պատասխան մեր հարցմանը՝ ընկերությունից փոխանցեցին. «Ամենաշատը եվրոյի մեջ է թանկացումը եղել՝ 550 դրամից դարձել է մոտ 650 դրամ: Ընկերությունը, տարեսկզբից սկսած, ինչ սկսվել է եվրոյի փոխարժեքի բարձրացումը, իր միջոցների, եկամուտների հաշվին պահել է այդ գինը մինչեւ դեկտեմբերի վերջ: Մենք Եվրոպայի մեր գործընկերներին խնդրել ենք, որ իրենք էլ իրենց կողմից գործողություն անեն, որպեսզի պահենք այդ գինը, բայց արդեն հունվարից հնարավոր չէր»: Նկատենք, որ տարիներ շարունակ Հայաստանում մի ավանդույթ է անշեղորեն գործում. եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս: Բայց երբ իջնում են գները, գրեթե երբեք շարքային սպառողը գների էժանացում չի նկատում:

 

 

 

25 ՄԻԼԻՈՆԻ ԳԱՆՁՈՒՄ

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները եւ կարանտինի սահմանափակումները խախտելու համար 2020-ի ընթացքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մոտ 156 հազար որոշում։ Ըստ ոստիկանության՝ տուգանքի չափը կազմել է ավելի քան 2 միլիարդ 379 միլիոն, որից գանձվել է 24 միլիոն 660 հազար դրամը։ Ոստիկանությունը նաեւ փոխանցում է, որ կիրառվող սահմանափակումները խախտելու համար 2020-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշումներից 2 հազար 909-ը բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 1132-ը՝ դատական կարգով։

Վերադասության եւ դատական կարգով բողոքարկման արդյունքում անվավեր է ճանաչվել 637 վարչական ակտ։




Լրահոս