Հյուրընկալելով իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆին, ուշագրավ հայատարություն է արել նախարար Այվազյանը. «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար»։
«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն», – ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Իր հերթին Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարեւորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումը եւ հարգում ու հետեւում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»։
Իրանի արտգործնախարարը իր մեծ տարածաշրջանային այցը սկսեց Ադրբեջանի մայրաքաղաքից, ուր, հիշեցնենք, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, թե շնորհավորում է ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ։
Նախարարին ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո՛ պարոն նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարեւոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցը, այդ թվում նաեւ տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարեւոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը եւ կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, եւ միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում եւ մեր կառավարությունում»:
ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո՛ վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ եւ իմ գործընկերներին հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, եւ նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն եւ հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարեւանն է, եւ մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք:
Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից ե՛ւ ձեզ հետ, ե՛ւ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, եւ լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:
Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաեւ մեր հոգեւոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաեւ նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաեւ Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին եւ միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ եւ ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաեւ այս հանդիպման առիթն ընձեռելու համար»:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ եւ տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:
Ն. Հ.
ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ
«Իմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է հիմա, պարզապես իմ սենյակ չի հաջողվել մտել, կարող էին նաեւ դիպլոմս գողանալ, հիմա վարչապետինը գողացել են»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս համացանցում ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Ես չեմ հասկանում, թե ինչ ինտրիգ կա նրա մեջ, որ կարելի է որեւէ պաշտոնյայի անձնագիր կամ այլ փաստաթուղթ գողանալ: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն ու հեռախոս գողանալ, ապա հաստատ կարելի է նաեւ մտնել աշխատասենյակ, անձնագիրը գողանալ, ես դրանում վստահ եմ: Ինչո՞ւ պետք է բոլոր փաստաթղթերի մասին հայտարարվեր: Ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծանելիք ու ժամացույց են գողացել, որովհետեւ շատ անձնական ու ոչ կարեւոր բան է, պետք էր միայն քրգործով տալ: Ուղղակի պահը հուզական լինելով՝ ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են օծանելիք կամ հեռախոս»,-ասել է նա:
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ղուլարյանն արդեն բավականին երկար ժամանակ կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները, եւ նրան մաղթել է հաջողություններ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ընդգրկուն է համարում հայ-իրանական օրակարգը՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Արա Այվազյանը նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում: «Մեր միջեւ բարեկամությունը միջմշակութային երկխոսության եւ տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը եւ փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին»,- ասել է Այվազյանը:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարության որոշմամբ՝ առաջարկվել է ԱԺ նախագահին փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ԿԳՈՐԾՈՒՂՎԻ
Հունվարի 27 -ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Տիգրան Ավինյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին։
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ խոսել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարեւորության մասին:
Դեսպանն ընդգծել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին: Դեսպանի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են ջրային պաշարների կառավարման, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծման հարցերով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։
ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարության նիստին հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Ըստ նախարարի՝ առաջարկվում է պատերազմի հետեւանքով վիրավորված անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն: «Թեեւ որոշ անձանց մոտ վնասվածքները բավականին թեթեւ են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները: Միջոցառման շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացի»,- ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրել է, որ այս որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է: