Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր են ստեղծվում, եւ վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման եւ խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների՝ կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը, ինչն էլ կհանգեցնի հարկային եւ մաքսային կարգապահության, հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, 2020 թ. եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:
Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք եւ զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարեւոր երեւույթ է, որովհետեւ, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու եւ հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության եւ պետության ու նրա կառույցների եւ ինստիտուտների կարողունակության ու հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետեւ ցանկացած պետություն եւ պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում, եւ այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը, իհարկե, ռազմավարական խնդիր է, եւ այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել եւ սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»:
ՑԱՎԸ ՍՐՏՈՒՄ՝ ՆՇԵԼՈՒ Է ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղը մեծ ներդրում է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի ինքնապաշտպանության գործում։ Բերդավանում մշտապես մեծ շուքով, համերգով է նշվել հունվարի 28-ը՝ հայոց բանակի տոնը։ Սակայն այլ է այս տարի. գյուղը սգում է իր կորուստները։ Բերդավանը 4 զոհ է ունեցել 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում, որից մեկը ոստիկանության սպա է, 3-ը՝ ժամկետային զինծառայողներ։ Ժամկետային 3 զինծառայողները համադասարանցիներ են, նրանք զոհվել են Թալիշում։ Ժամկետային 3 զինծառայողներից մեկը ոտքից վիրավորվել է, բուժում ստանալուց հետո շարք է վերադարձել ու զոհվել։ Բերդավանից 2 սպա՝ Գարիկ Ղուշչյանը եւ Արտակ Ղազարյանը, համարվում են անհետ կորած։ Անհետ կորած է նաեւ Բերդավանից սերված Արսեն Ասատրանի որդին՝ ժամկետային զինծառայող Արտաշես Ասատրյանը, որի ընտանիքը բնակվում է Դեբեդավան գյուղում։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ այս տարվա հունվարի 28-ը տարբեր է անցած տարիներից, սակայն զինվորների հանդեպ ունեցած իրենց հարգանքը, ակնածանքը բազմապատկված է։ Հունվարի 28-ին առավոտյան բերդավանցիները կայցելեն գյուղի գերեզմանատուն, ծաղիկներ կդնեն հայրենիքի պաշտպանության համար զոհվածների գերեզմաններին, որից հետո Բերդավանի կենտրոնում գտնվող այգում՝ հայոց անմեղ զոհերի հուշարձանի մոտ, տեղի կունենա մոմավառություն, կնչեն զոհվածների հիշատակին նվիրված ելույթներ։
ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆ
Տավուշից մոբլիզացված, պահեստազորից զորակոչված զինծառայողները 2020թ. դեկտեմբերի վերջին դժգոհ էին, որովհետեւ իրենց ծառայության համար սահմանված աշխատավարձերի գումարները տրվեց միայն մեկ բանկից՝ «Հայբիզնեսբանկից», որի մասնաճյուղեր Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում չկան։ Մոբլիզացվածները հիմա ստանում են դեկտեմբեր ամսվա իրենց ծառայության գումարները, սակայն նորից նույն խնդրի առաջ են կանգնել։ Բերդի եւ Նոյեմբերյանի սահմանագոտուց նրանք մեկնում են Իջեւան, սակայն Իջեւանից եւս շատ են մոբլիզացվածները, բանկի տեղի մասնաճյուղում մեծ հերթ է, մոբլիզացվածները ստիպված են եւս 35 կմ ճանապարհ անցնել, հասնել Դիլիջան եւ «Հայբիզնեսբանկի» տեղի մասնաճյուղից ստանալ իրենց հասանալիք գումարները։ Մոբլիզացվածների աշխատավարձը վճարելու համար ընտրվել է միայն մի բանկ՝ «Հայբիզնեսբանկը», որովհետեւ «Հայբիզնեսբանկը» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանկային կանոնների լուրջ խախտումներ է ունեցել, եւ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստվել է այդ բանկին զրկել բանկային արտոնագրից: Սակայն գտնվել են միջնորդներ, ովքեր վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի միջոցով կարողացել են այդ հարցը լուծել։ Այդ լավության դիմաց «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի կողմից հիմնադրված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը 45 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, այդ հիմնադրամի միջոցներով իրականացված բարեգործական ծրագրերի մեջ ներառվել են Աննա Հակոբյանի մտերիմների կողմից նախաձեռնված ծրագրեր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունվարի 27-ին նշանակված է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատարների դատավարությունը։ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, 2017թ. մարտ ամսից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ թույլատրել է Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին իրականացնել ապօրինի ծառահատումներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը։
Վաչիկ Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի անտառապահի պաշտոնը, 2017թ. մայիս ամսից անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ թույլատրել է Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին իրականացնել ապօրինի ծառահատումներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը։ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 308 հոդվածի 2-րդ մասով, Վաչիկ Դիլանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 308 հոդվածի 2-րդ մասով։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հ. Հովհաննիսյանի եւ Վ. Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ապօրինի անտառհատումներ կատարած, 1979թ. ծնված Արագած Թամրազյանը Թեղուտ համայնքի նախկին ղեկավար Արարատ Թամրազյանի որդին է, դատապարտվել է 2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջանի բնակիչ Նավասարդ Աբգարյանի սպանության համար։ Վերջինս ծանր վիրավորել էր Արագածի եղբորը՝ Արտավազդ Թամրազյանին, որը հիվանդանացում մահացավ։
12 ԶՈՀ ԵՎ 5 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ
Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ եւ Բերդավան գյուղերը միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակիչներից 12-ը զոհվել են 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ համայնքի 5 բնակիչ ներկայումս անհետ կորած է։ Նրանցից 2-ը՝ Նոյեմբերյան քաղաքի, 2-ը՝ Բերդավանի, մեկը Կոթիի բնակիչ է։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ