Երեկ` նախքան կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը:
«Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետեւ դա նաեւ որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:
Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի եւ Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ, ահա, ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետեւյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն` դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչեւ մարտի 1-ը, բայց գործնականում, կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետեւ նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ եւ նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «կցՑպՔպրՑՉցþ ոպջ COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել եւ ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են` այս կարգի համաձայն, եւ ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը եւ նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից:
Վարչապետի խոսքով՝ դա ենթադրում է, որ թռիչքները կընդլայնվեն, կավելանան. «Սա շատ կարeuոր ծրագիր է, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ծրագրի բոլոր մասնակիցներին այս ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար: Սա եղել է Հայաստանի Հարապետության կառավարության նախաձեռնությունը, որը աջակցություն է ստացել գործընկերների կողմից, իոկ Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը: Եթե լինեն տեխնիկական խնդիրներ, ապա դրանք կլուծվեն, եւ օդային հաղորդակցությունը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնվի: Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ՝ մարտի սկզբին, կունենանք նախորդ ամբողջ ուղեւորափոխադրումների ծավալը»:
ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների թիվը կավելանա: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ նախատեսվում է գործող 8 հայագիտական կենտրոններին ավելացնել եւս երկուսը: «Թե որտեղ են լինելու այդ հայագիտական կենտրոնները, դեռ չէի ցանկանա փակագծերը բացել: Դա մի քանի գործոններով է պայմանավրված, մենք աշխատում ենք մեր դեսպանատների հետ: Շատ կարեւոր է նաեւ ընդունող կողմի հետաքրքրվածությունը, որ նրանք համաֆինանսավորում կատարեն եւ ծրագրերի շարունակականությունը ապահովեն: Շատ կարեւորում եմ, որ դրանք լինեն ազդեցիկ հաստատություններում: Սփյուռքի ազդեցիկ կառույցների հետ համագործակցությամբ մտածում ենք նոր ձեւաչափեր, որ այդ կենտրոնների ցանցի ընդլայնումը տեղի ունենա ոչ միայն պետբյուջեի հաշվին: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ բոլոր կենտրոնները ցանցային համագործակցության մեջ լինեն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նոր հայագիտական կենտրոնները հիմնականում նույն քաղաքականությունն են իրականացնելու, ինչ գործողները, պարզապես այնպես է արվելու, որ դրանք ընդգրկվեն միասնական ցանցի մեջ: Հայկական մշակույթի, կրթության հանրահռչակումը լինելու է հայագիտական կենտրոնների գործունեության առանցքում:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության եւ որակի ապահովման գործընթացը: 2020թ. դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետեւանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ, նախնական հաշվարկներով, առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների մենթորական աջակցության եւ սովորողների հեռավար ուսուցման գործընթաց, մասնավորապես, մրցութային կարգով ու մենթորության ձեւաչափով նպաստել մարդկային կարողությունների զարգացմանը՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում դպրոցներում կձեւավորվեն էլեկտրոնային դասավանդման կարողություններ, ինչից հետո այդ դպրոցները բացակայող ուսուցիչների առարկաները կդասավանդեն այլ դպրոցներում։
Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝ թիրախային միջամտություն, կարողությունների զարգացման նպատակով դպրոցների ընտրություն, համաժամանակյա ուղեկցմամբ դասընթացներ էլեկտրոնային դասավանդող դպրոցների համար, ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին ծառայությունների մատուցման իրավական, աշխատանքի մշտադիտարկման եւ որակի շարունակական բարելավման մեխանիզմների մշակում:
Թիրախային միջամտություն բաղադրիչի շրջանակում մինչեւ 2021թ. մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում եւ առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։
Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն եւ կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձեւաչափով եւ հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետեւ կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորներն ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Այդ նպատակով մինչեւ հունիսի 30-ը կմշակվեն իրավական մեխանիզմներ։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչեւ օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել եւ ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների եւ որակի ճանաչման վրա։