Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքում բախվել են Գյումրու բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի եւ 22-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով Mercedes-ի շարժիչի հատվածում հրդեհ է առաջացել։ Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Հ. Ղազարյանի ուղեւոր Գյումրու բնակիչ 43-ամյա Նաիրա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:
Հերմինե Առաքելյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3×4 չափսի),
5) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը պարզ ներկայացված է. մնում է հավաքել պահաջվող փաստաթղթերն ու ներկայանալ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:
Արփինե Հարությունյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
- անձը չունի կենսաթոշակի իրավունք,
- կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
- ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար՝ անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի: