ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ փուլում է գտնվում ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմումը. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2020 թվականի հուլիսի 6-ին սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սակայն Եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից, սակայն փաստացի դա տեղի չէր ունեցել:

Իսկ արդեն հիմնական գանգատը նախկին դատավորները ներկայացրել էին օգոստոսին: Սակայն հետաքրքիր է, որ մինչև այժմ, այսինքն՝ դիմումից հինգ ամիս անց էլ ՄԻԵԴ-ից որևէ արձագանք առկա չէ: Եվրոպական դատարանում դիմումների քննարկման գործընթացի ժամկետն անկանխատեսելի է և կարող է երկար տևել:

Դրան զուգահեռ նկատենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Բանաձևում վկայակոչված է, որ Հայաստանի Հանրապետությունն  առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխություն է իրականացրել։ Խոսքը հենց այս փոփոխության մասին է, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային անդամ, իսկ Նազարյանի, Գյուլումյանի և Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին:

Հիշեցնենք, որ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երբ հանրաքվեն չեղարկվեց, իշխանությունը դիմեց այլ քայլի, և հարցը որոշեցին լուծել խորհրդարանում, որի օրինականությունը նաև վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Եվ ստացվում է՝ անգամ հաշվի չէր առնվել վեհաժողովի կարծիքը:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս